Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) լրատվամիջոցների գծով մասնագետ Վախթանգ Սիրադեղյանը ս. թ. մարտի 3-ից 9-ը մասնակցել է Տալինում կայացած միջոցառմանը: Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգու) ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելու համար «Էստոնիա բաց հիմնադրամ»-ի կողմից հրավիրվել էին Վրաստանի, Մոլդովայի, Սլովակիայի, Բելառուսի, Լատվիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցող հայկական խումբը բաղկացած էր քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հինգ կառույցների` Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի, Երևանի մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և ԹԻՀԿ ներկայացուցիչներից:

Դիտորդական առաքելությանը նախորդեցին հիմնադրամի կողմից կազմակերպված` Էստոնիայի քաղաքական կյանքի, ռուսախոս մամուլի իրավիճակի և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի գծով ներկայացումներ և քննարկումներ: Էստոնիայի խորհրդարանի մարտի 6-ին կայացած` իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին հաջորդեց հրավիրված պատվիրակությունների` սեփական երկրում համանման իրադարձության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: ԹԻՀԿ ներկայացուցիչ Վախթանգ Սիրադեղյանը ներկայացրեց 2007 թ. խորհրդարանական և 2008 թ. նախագահական ընտրություններին կազմակերպության իրականացրած` նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի արդյունքները: