Ս. թ. մարտի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու նախագահ և շրջակա միջավայրի քաղաքականության գծով փորձագետ Սոնա Այվազյանը հանդես են եկել բանախոսություններով «Հայաստանում ԵՀՔ իրականացումը 2010թ.» զեկույցի քննարկման ընթացքում որպես համահեղինակներ` ներկայացնելով կոռուպցիայի և բնապահպանության վիճակը Հայաստանում: Միջոցառումը, որ կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ, սկիզբ է դրել ամենամյա միջոցառումների շարքին` նվիրված ԹԻՀԿ հիմնադիր և նախագահ, քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանի հիշատակին:

Բացման խոսքով մասնակիցներին ողջունել են ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, ԲՀՀ-Բրյուսելի ԵՄ արտաքին հարաբերությունների քաղաքականության գծով ավագ վերլուծաբան Ժակլին Հեյլը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: ԲՀՀ-Հայաստանի խարհրդի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Ղուկասյանը երախտիքի խոսք է ասել, հարգելով Ամալյա Կոստանյանի հիշատակը, ով 2008-ից ի վեր ԲՀՀ-Հայաստանի խորհրդի նախագահն էր: Միջոցառումը վարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր և փոխնախագահ դր. Լուսիկ Դանիելյանը: Բացման խոսքին հաջորդել են ԳՀԲՀ անդամների և փորձագետների բանախոսությունները:

Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել ԵՀՔ զեկույցի իրականացման առնչվող 2010 թ. նոյեմբերից 2011 թ. մարտն ընկած ժամանակահատվածի տվյալների ներկայացմամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի, ԳՐԵԿՈ-ի կողմից գնահատման երրորդ փուլի Հայաստանի վերաբերյալ գնահատման և համապատասխանության զեկույցի կարգավիճակի ու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի կողմից իրականացված Կոռուպցիան Հայաստանում 2010 թ. տնային տնտեսությունների հարցման արդյունքների վերաբերյալ: Նա նաև արծարծել է կոռուպցիայի վիճակը Հայաստանում, ներկայացնելով դեկտեմբերին հրապարակված ԹԻ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2010 թ. ուսումնասիրության արդյունքները Հայաստանում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ու միջազգային և դոնոր կազմակերպությունների դերը կոռուպցայի դեմ պայքարում;

Սոնա Այվազյանն անդրադարձել է բնապահպանական հիմնհարցերին ու մարտահրավերներին, որ ծառացած են Հայաստանի առջև ԵՀՔ իրականացման շրջանակում. Հայաստանում բնական ռեսուրսները, ներառյալ անտառները, հատուկ պահպանվող տարածքները, հանքերը օգտագործվում են առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Նա մասնավորապես նշել է, որ գազի գնի բարձրացման առիթով կառավարության պաշտոնյաները սկսել են ակնարկել ձմռան շրջանում գյուղացիների կողմից անօրինական անտառահատումների դեպքերի աճի հնարավորության մասին: Չնայած պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ Հայաստանի անտառները ծածկում են երկրի տարածքի 11-12 տոկոսը, սակայն դրանց իրական չափը կազմում է 7-8 տոկոս:

Մյուս բանախոսները` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է ԶԼՄ-ների խնդրին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրի ղեկավար Հայկուհի Հարությունյանը` մարդու իրավունքների վիճակին, անկախ փորձագետ Վահագն Ղազարյանը`տնտեսական զարգացմանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ից Սիրանույշ Սահակյանը` դատա-իրավական համակարգին:

ԳՀԲՀ-ն համակարգային ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ԵՀՔ ծրագրի գործընթացում: Սա ԳՀԲՀ անդամների և փորձագետների կողմից պատրաստված չորրորդ տարեկան հաշվետվությունն է, որին աջակցել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: