2011 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, որի մասին նրան հայտնի է դարձել ոչ պաշտոնական մի աղբյուրից, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից:Չորս օր անց նա ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ հետաքննություն իրականացնող մարմին:

Տիգրան Փոստանջյանը պահվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ:

Ս.թ. փետրվարի 23-ին դատարանը, բավարարելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը, որոշում է կայացրել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Տիգրան Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու և նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի:

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի և անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց:

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մելիսա Բրաուն, Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» կոմիտե
Վարդան Հարությունյան, «Իրավունքի և ազատության կենտրոն»
Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ