Ս.թ. մարտի 2-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ) տեղի է ունեցել ֆորում, որին ներկա էին «Դեպի Հայք» ծրագրի մասնակից երիտասարդ սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չիլիից, և այլն, «Դեպի Հայք»-ի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը և ծրագրի օգնական Վահան Ալավերդյանը: Ֆորումն անց է կացրել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ով ներկայացրել է կազմակերպության մասին, ծանոթացրել նրա գործունեությանն ու կոռուպցիայի իրավիճակին Հայաստանում: Ելույթին հաջորդել են աշխույժ հարցեր, որոնց պրն. Հոկտանյանը տվել է սպառիչ պատասխաններ:

«Դեպի Հայք»-ի տեսլականն է ստեղծել կազմակերպություններից և անհատներից բաղկացած հզոր ու բազմատարր մի համակարգ, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար մատչելի դարձնել հայրենիքին ծառայելու և փորձ ձեռք բերելու կարևոր ճանապարհը: Նրա առաքելությունն է ամրապնդել կապերը հայրենիքի և երիտասարդ սփյուռքահայերի միջև` հնարավորություն տալով, որ նրանք մասնակցեն Հայաստանի առօրյա կյանքին և նպաստեն դրա զարգացմանը աշխատանքի, ուսման և կամավորական փորձի միջոցով: