«Հայացք» շաբաթաթերթին տված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է 2010 թ. ԹԻ հիմնական համաթվերում արտացոլված Հայաստանում կոռուպցիայի մակարդակին, արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական բաղադրիչներին (կանխարգելում, բացահայտում, հանրային աջակցություն), համակարգային կոռուպցիայի նախապայմաններին, միջազգային հակակոռուպցիոն փորձին և քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներին:

Քանի որ ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում 3.0-ից ցածր է, ապա կոռուպցիան ունի համակարգային բնույթ: Համակարգային կոռուպցիան վտանգում է ազգային անվտանգությունը: Ընկնում է երկրի մարտունակությունը, պակասում է տնտեսության կենսունակությունը: ԹԻ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի առումով ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում ընկալվում է կրթությունը: Ապա հետևում են ոստիկանությունը և դատարանները:

Կոռուպցիայի կանխարգելումը ենթադրում է ունենալ օրենքներ, ընթացակարգեր, այլ իրավական ակտեր, որոնք նվազագույնի կհասցնեն կոռուպցիոն ռիսկերը և սողանքներ չեն թողնի կոռուպցիոն գործարքների համար: Եթե չկա կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք, ապա օրենսդրական փոփոխություններն էլ կարելի է ծառայեցնել պայքարի իմիտացիա ստեղծելու նպատակին: Արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության մյուս բաղադրիչը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է ու իրավախախտների պատիժը: Երրորդ բաղադրիչը համարվում է հանրային աջակցությունն է, այսինքն` չի կարող լինել արդյունավետ հակակոռուպցիոն պայքար, եթե հասարակությունը չի աջակցում այդ պայքարին:

Հայաստանում չկա կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք: Իշխող վերնախավի մեջ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, ինքնամաքրում և կոռուպցիայից զերծ լինելու վճռականություն, թեկուզ հին գվարդիայի հեռացում: Կոռուպցիային նպաստող կարևոր գործոն է քաղաքականության ու տնտեսության սերտաճումը, տնտեսության մոնոպոլացումը, հասարակության սոցիալական բևեռացումը, հասարակության` կոռուպցիայի հանդեպ դրսևորած հանդուրժողականությունը և բարձրաստիճան պաշտոնյաների անպատժելիությունը: Քաղաքական կոռուպցիան հատկապես ընտրությունների ժամանակ Հայաստանում ուժեղ թափ ու մեծ մասշտաբներ է ձեռք բերում, ինչը այն հիմնական գործիքները, որոնցով հնարավոր է նվազեցնել կոռուպցիան, այն է`թափանցիկությունը, հաշվետվողականությունը, որոշումների կայացման գործում հանրության մասնակցության ապահովումը նվազ արդյունավետ է դարձնում:

Ամեն դեպքում ինչքան էլ բազմադեմ լինի կոռուպցիան, այն պետք է հաղթահարել, քանի որ շատ երկրներ են կործանվել նրանից, քաղաքակրթություններ են վերացել աշխարհի երեսից:

Տես հարցազրույցը ԹԻՀԿ ինտերնետային կայքում: