Միավորված ազգերի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿԴԿ) կոալիցիան, որի անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների ավելի քան 240 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների աֆրոեգիպտական կազմակերպությունը և ՆԱԴԱՖԱ - Եգիպտացիներն ընդդեմ կոռուպցիայի կազմակերպությունն իրենց փետրվարի 21-ի համատեղ մամլո հաղորդագրությամբ ողջունում են Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի արտասահմանյան ակտիվները սառեցնելու խնդրանքով դիմելու Եգիպտոսի գլխավոր դատախազի կողմից այսօր ընդունած որոշումը: «Այս որոշումը կարևոր քայլ է»,- նշեց տիկին Մոդ Պեդրիե-Վեզիեն, ֆրանսիական «Շերպա» ոչ կառավարական կազմակերպության նախագահը` ելույթ ունենալով ՄԱԿԴԿ կոալիցիայի անունից: «Այն հնարավորություն կտա իրականացնելու Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի` ենթադրաբար արտասահման տեղափոխված հարստության վերաբերյալ համապարփակ հետաքննություն»:

Անցած շաբաթ ՄԱԿԴԿ կոալիցիան հրապարակել էր մամլո հաղորդագրություն, որով իր մտահոգությունն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ եգիպտական իշխանությունները համաշխարհային առաջատար ֆինանսական հաստատություններին դիմելիս չէին նշել Մուբարաքի ընտանիքի որևէ անդամի անունը:

Այսօր Եգիպտոսի իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք լսել են ժողովրդի ձայնը, որը կոչ է անում պետական պաշտոնյաներին լինել թափանցիկ և հաշվետու: Այս որոշումը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից բարձր չէ: «Մենք ողջունում ենք այս որոշումը: Եթե այդ միջոցները անօրինական ճանապարհով դուրս են հանվել երկրից, ապա այժմ դրանք կարելի է սառեցնել և վերադարձնել Եգիպտոսի ժողովրդին»,- նշեց ՄԱԿԴԿ կոալիցիայի քարտուղար տիկին Ջիլիան Դելը, որը ներկայացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռւպցիոն կազմակերպությունը:

ՄԱԿԴԿ կոալիցիան կոչ է անում բոլոր երկրներին ակտիվ կերպով համագործակցել եգիպտական իշխանությունների հետ` սառեցնելով բոլոր այն միջոցները որոնք անօրինական կերպով դուրս են բերվել երկրից, և ապահովելով դրանց վերադարձը Եգիպտոսին:
Եգիպտոսից անօրինական կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը կապահովի զարգացման համար այդքան անհրաժեշտ միջոցներ մի երկրի, որի բնակչության 40 տոկոսի օրական եկամուտը 2 ԱՄՆ դոլարից էլ պակաս է:

Ծանոթագրություն. ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի առավել ընդգրկուն գլոբալ իրավական գործիքն է: Այն վավերացվել է աշխարհի ավելի քան 148 երկրների, ներառյալ Հայաստանի, կողմից և իր մեջ ներառում է կոռուպցիան կանխարգելելուն, բացահայտելուն, հետաքննելուն և պատժելուն ուղղված չափանւիշներ և պահանջներ:

ՄԱԿԴԿ կոալիցիան ձևավորվել է 2006թ. և իր մեջ ներառում է աշխարհի ավելի քան 100 երկրների ավելի քան 240 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կոալիցիայի նպատակն է նպաստել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին: Նրա գործունեությանը կարելի հետևել Facebook-ով ("UNCAC Coalition" group) և Twitter-ով (http:/twitter.com/uncaccoalition).