Ս. թ. փետրվարի 15-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և ծրագրի օգնական Լենա Նազարյանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին: Լսումների մասնակից ՀՀ ԱԺ պատգամավորները, ՀՀ կառավարության, ուսումնական հաստատությունների, շահագրգիռ ընկերությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու լրագրողները քննարկել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի և այլ իրավական ակտերի համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

ԹԻՀԿ-ը հանդես է եկել դիտողություններով ու առաջարկություններով մի շարք խնդիրների, մասնավորապես օգտակար հանածոների ռացիոնալ կառավարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պատշաճ գնահատման, «վճարում է աղտոտողը» սկզբունքի կիրառման, տեղեկատվության ազատության, սոցիալական խնդիրների արտացոլման վերաբերյալ: ԹԻՀԿ-ի կողմից բարձրացված հարցերին պատշաճ անդրադարձ չի կատարվել և դրանք լուծում չեն ստացել:

Սոնա Այվազյանը մտահոգություն է արտահայտել, որ ընդերքօգտագործման հասույթից պետբյուջե վճարվող գումարների դրույքաչափերը ցածր կլինեն, քանզի պետական պաշտոնյաներից շատերը հենց իրենք են հանքատերեր կամ հովանավորում են հանքատերերին և հակված չեն մեծ գումարներ մուծելու պետբյուջե հանքերի շահագործման համար: