Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը լույս է ընծայել «Դեպի օրինավոր ընդերքօգտագործում» հրապարակումը: Այն ներկայացնում է ԹԻՀԿ կողմից «օրինավոր» գնահատվող հանքարդյունաբերության հիմքերը` կայուն զարգացման, պատասխանատու բիզնեսի և թափանցիկ կառավարման սկզբունքները, որոնք մշակված են միջազգայնորեն ճանաչված ու ակտիվ տարածում գտնող նախաձեռնությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կայուն զարգացման հայեցակարգը, սակայն երկրի զարգացումն իրականում ընթանում է ոչ կայուն եղանակով: Երկիրն առաջ է մղվում զարգացման մի ուղիով, որի համաձայն տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը կախման մեջ են դրվում ընդերքօգտագործման հետագա ծավալումից:
Տեղեկություններն այս ոլորտի մասին խիստ սահմանափակ են և հանրությունն, ըստ էության, իրազեկված չէ օգտակար հանածոների շահագործման պետական ծրագրերից, դրանց արդյունավետությունից և ոլորտին առնչվող հիմնախնդիրներից: Հայաստանում ձևավորված չէ բարոյական բիզնեսի մշակույթ, և դրա համար առկա չեն համապատասխան իրավական կամ այլ նախադրյալներ: Ընդհակառակը, հանքարդյունաբերողների համար ստեղծված է բարենպաստ միջավայր անպատասխանատու բիզնես ծավալելու համար` ինչպես շրջակա միջավայրի աղտոտման, այնպես էլ սոցիալական ազդեցության տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման և դրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնակարգ պարտականությունն է, ակնկալում ենք, որ սույն նյութը կարժանանա համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և հիմք կծառայի ընդերքօգտագործման ոլորտի բարեփոխումների համար: Նաև հուսով ենք, որ այն ուղեցույց կհանդիսանա հանքարդյունաբերող ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար` խթանելով առավել բարոյական բիզնեսի զարգացումն ու դրա նկատմամբ պատշաճ պահանջարկի ձևավորումը:

Տես «Դեպի օրինավոր ընդերքօգտագործում» հրապարակումը և Հայաստանի մետաղական հանածոների հանքավայրերի վերաբերյալ տվյալների շտեմարանը ԹԻՀԿ ինտերնետային կայքում