Ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» պարբերականի` տնտեսական ազատությունների 2011 թ. համաթվի վերաբերյալ զեկույցի հրապարակած տվյալներով Հայաստանը 69.7 արժեքով աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը` ճանաչվելով որպես «համեմատաբար ազատ տնտեսությամբ երկիր»: Թեպետ նախորդ տարվա համեմատ ընդհանուր գնահատականը 0.5 միավորով բարելավվել է, սակայն այս տարի ևս ընդհանուր համաթվի 10 բաղադրիչներից մեկի` կոռուպցիայից զերծ լինելու Հայաստանի ցուցանիշը զգալիորեն շեղված է:

Զեկույցի հեղինակները նշել են կոռուպցիայի բարձր մակարդակը Հայաստանում համաշխարհային դասակարգման ընդհանուր համաթվի մի շարք բաղադրիչներում (սեփականության իրավունքներ, բիզնես ծավալելու ազատություն, առևտրի ազատություն, ներդրումներ կատարելու ազատություն): Պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելը սովորական բնույթ է կրում, կառավարության հետ սերտ կապեր ունեցող գործարարները մոնոպոլ դիրք են զբաղեցնում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ապրանքների ներկրման ոլորտում: Փորձագետները նաև մատնանշել են կառավարության մեծ ծախսերը` մասնավորապես շեշտելով, որ պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 50%-ին:

Հետխորհրդային տարածքում տնտեսական ազատությունների մակարդակով առաջատար է համարվում Էստոնիան 75.2 արժեքով, որը զբաղեցնում է ցուցակի 14-րդ տեղը։ Վրաստանը 29-րդն է 70.4 արժեքով և համարվում է «հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր», իսկ Ադրբեջանը 92-րդն է 59.7 արժեքով` համարվելով «հիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող երկիր»։ Ռուսաստանը, որը նույնպես համարվում է «հիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող երկիր», ցուցակում 143-րդն է` 50.5 արժեքով:

Տնտեսական ազատությունների համաթիվը հիմնված է տնտեսական ազատությունների 10 բաղադրիչների վրա. յուրաքանչյուրը գնահատված է 0-ից 100 միավորի շրջակայքում, որտեղ 100-ը ներկայացնում է առավելագույն ազատություն: 10 բաղադրիչների միավորներից հանվում է միջինը` որոշելով տնտեսական ազատության ընդհանուր համաթիվը յուրաքանչյուր երկրի համար: Տնտեսական ազատության 10 բաղադրիչներն են բիզնես ծավալելու ազատությունը, առևտրի ազատությունը, ֆիսկալ ազատությունը, կառավարության դրամական ծախսերը, դրամավարկային ազատությունը, ներդրումներ կատարելու ազատությունը, ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքները, կոռուպցիայից զերծ լինելը և աշխատանքի ազատությունը:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության ինտերնետային կայքը, իսկ Հայաստանի վերաբերյալ տվյալներին` http://www.heritage.org/Index/Country/Armenia հասցեն: