Ս.թ. դեկտեմբերի 9-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) արդյունքները, իսկ ԹԻՀԿ նախագահ Սոնա Այվազյանը տեղեկացրել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ սահմանելու վերաբերյալ:

ԿՀԲ-ն աշխարհի տասնյակ պետությունների տնային տնտեսությունների ներկայացուցչական հարցում է մարդկանց` կոռուպցիայի ընկալման և փորձի վերաբերյալ: Մասնավորապես, հարցման միջոցով վեր են հանվել տվյալ երկրի բնակչության կողմից առավել կոռումպացված ընկալվող ոլորտը, իրենց երկրներում վերջին տարիներին կոռուպցիայի մակարդակի փոփոխության վերաբերյալ նրանց կարծիքը, քաղաքացիների կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալու տարածվածությունը և այլն: 2010 թ. ԿՀԲ-ն ներառել է 86 պետությունների հարցման ենթարկված 91,500 տնային տնտեսություններ: Ինչպես և նախորդ 2009 թ., այս տարի նույնպես Հայաստանն ընդգրկվել է հարցման մեջ: Հայաստանում հարցումն անցկացվել է 2010 թ. հունիսի 10-ից 20-ն ընկած ժամանակամիջոցում Գելափ Ինթերնեշնլի ռուսաստանյան ներկայացուցիչ Ռոմիր հոլդինգի կողմից, որը հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնող ռուսաստանյան հայտնի ընկերություն է:

Սոնա Այվազյանը հայտարարել է, որ կենտրոնը այլ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանել է Թրանսփարենսի ինթերնեշնլ-ի հայաստանյան գրասենյակի հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ Հայաստանի Հանրապետրությունում կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար:

Մյուս տարվանից այս մրցանակը կշնորհվի յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին այն անձանց, ովքեր որոշակի ներդրում են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: ԹԻՀԿ-ը այդ մրցանակի ձևի և բովանդակության վերաբերյալ նախապես կտեղեկացնի ԶԼՄ-ների միջոցով:

Մանրանասների համար տես Մամուլի հաղորդագրությունը,
Հաճախակի տրվող հարցերը կամ այցելիր www.transparency.org անգլերենով: