2009 թ. սեպտեմբերի 23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համագործակցությամբ (այսուհետ` Հաղորդող) Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին է ներկայացրել հաղորդում, որում նշված էր, թե Հայաստանը չի կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով և 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունները: Հաղորդումը վերաբերում է Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձի և մոլիբդենի պաշարների շահագործման համար հանքարդյունահանողին լիցենզիաների տրամադրմանը և դրանց ժամկետի երկարաձգմանը:

Կոմիտեն նախապատրաստել է եզրակացության նախագիծն իր 29-րդ նիստում, և թիվ I/7 որոշման հավելվածի 34-րդ կետի համաձայն այն 2010 թ. հոկտեմբերի 11-ին ուղարկել է Մասնակից պետությանը և Հաղորդողին` վերջիններիս մեկնաբանությունները ստանալու նպատակով: Երկու կողմերին առաջարկվել է մեկնաբանությունները ներկայացնել նախքան 2010 թ. նոյեմբերի 8-ը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն ընդունում է հետևյալ պարբերություններում զետեղված եզրակացությունները և հանձնարարականները:

Ա. Հիմնական եզրակացությունները պահանջների չկատարման մասով

1. Կոմիտեն ողջունում է III/6b որոշման ի կատար ածման ուղղությամբ Հայաստանի դրսևորած առաջընթացը: Մասնավորապես, Կոմիտեն ողջունում է 9-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ ապահովված զարգացումները:

2. Ի գիտություն ընդունելով վերոհիշյալ որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն, այնուամենայնիվ, գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ կետ), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 69-րդ, 76-րդ և 78-րդ կետեր):

Բ. Հանձնարարականներ

Առաջնորդվելով Մասնակից պետությունների հանդիպման I/7 որոշման հավելվածի 36 (բ) կետով, ինչպես նաև` հաշվի առնելով սույն գործով Մասնակից պետության համաձայնությունն առ այն, որպեսզի Կոմիտեն իրագործի I/7 որոշման հավելվածի 37 (բ) կետում նշված միջոցառումը, Կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկելու օրենսդրական, կարգավորիչ և վարչական անհրաժեշտ միջոցներ և կատարելու գործնական քայլեր`

ա) Իրականացնել անհրաժեշտ օրենսդրական միջոցառումներ, որոնցով.

(i) Կապահովվի ՇՄԱՓ ընթացակարգի ենթակա գործունեության նվազագույն շեմերի հստակ սահմանումը,

(ii) Հնարավորինս կպարզաբանվի տարբեր ակտերի իրավական նշանակությունը, որպեսզի առավել հստակորեն տարբերակվեն 6-րդ և 7-րդ հոդվածների շրջանակում կայացվող որոշումները,

(iii) Կապահովվի որոշումների կայացման գործընթացում հանրության հնարավորինս վաղ իրազեկումը, երբ բոլոր տարբերակները դեռ հնարավոր են, և կսահմանվեն ողջամիտ ժամկետներ, որոնցում հանրությունը կկարողանա ծանոթանալ նախագծին առնչվող փաստաթղթերին և մեկնաբանություններ ներկայացնել դրանց վերաբերյալ,

(iv) Հնարավորինս հստակորեն կսահմանվեն հանրության մասնակցության ընթացակարգերի կազմակերպման մասով տարբեր սուբյեկտների (պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ձեռնարկողներ) պարտականությունները:

բ) Կազմակերպել կոնկրետ ծրագրերի ՇՄԱՓ փաստաթղթերի բնապահպանական փորձաքննության վերջնական եզրակացությունների մասին շահագրգիռ հանրության անհապաղ ծանուցման համակարգ, օրինակ` բնապահպանության նախարարության ինտերնետային կայքի միջոցով: