Ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 30-ին, հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը:

Ա. Կոստանյանը ծնվել է 1960թ. մարտի 10-ին, Երևանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում:

2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 18.00-ից, ք. Երևան, Ազատության 8, բն.13 հասցեում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, նույն հասցեից:

Ստորև ներկայացված է ԹԻ միջազգային քարտուղարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միկլոշ Մարշալի խոսքն` ուղղված ԹԻ համայնքին:

«Քիչ առաջ ստացանք բոթ ԹԻ Հայաստանի նախագահ Ամալյա Կոստանյանի վախճանի վերաբերյալ: Գույժն այս աղետալի է ոչ միայն ԹԻ Հայաստանի, այլև ողջ ԹԻ շարժման համար: Ամալյան ԹԻ Հայաստանի հիմնադիր նախագահն է: Իրականում մենք ենք նրան շարժման անդամ ճանաչել 10 տարի առաջ և պատրաստվում էինք համատեղ նշել ԹԻՀԿ-ի տասնամյակը:

Նրա մահը հիվանդանոցում, ուր բուժում էր ստանում, հանկարծահաս էր: Ամալյան ԹԻ շարժման ամենաաչքի ընկնող դեմքերից է. նրա խորաթափանցության, խանդավառության և հաստատակամության շնորհիվ ԹԻ Հայաստանի ձայնը լսելի է երկրում և անգամ նրա սահմաններից դուրս: Նրանք, ովքեր հանդիպել են Ամալյային Տարեկան ընդհանուր ժողովներում և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովներում, գիտեն, թե ինչ հրաշալի անձնավորություն էր նա` միշտ գաղափարներով, էներգիայով և քաջությամբ լեցուն:

Այս պահին խիստ ցավալի է դրանից ավելին ասելը: Պարզապես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել սարսափելի լուրը` կորցրինք հրաշալի ընկեր, գործընկեր` հակակոռուպցիոն շարժման ակտիվիստ»: