2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի «Ազատության» հրապարակ: Օրենքի ակնհայտ խախտումով, ցինիզմի հասնող պատճառաբանություններով, ոտնահարվում է Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը մայրաքաղաքի մի տարածքում` ըստ քաղաքական պատկանելության:

Ավելին, փորձելով ստեղծել հասարակական կարգի խախտման պատրանքներ` ապօրինաբար ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկում օրենքի շրջանակներում գործող բողոքի ակցիայի մասնակիցներին և լուսաբանող լրագրողներին: Կիրառվում են ակնհայտ և հրապարակային բռնություններ նույնիսկ կանանց և անչափահասների նկատմամբ:

Նման գործելաոճի ակնհայտ դրսևորում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի, ՀԱԿ-ի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գևորգյանի` 2010թ. մայիսի 31-ին ոստիկանության բաժին բերման ենթարկվելը և մինչ օրս ապօրինի անազատության մեջ գտնվելը:

Այս ամենը վերստին հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից զինվորաոստիկանական մեթոդների կիրառումը՝ ճնշելու ցանկացած այլակարծության դրսևորում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հելսինկյան ասոցիացիա
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Մենք պլյուս» ՀԿ