«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նոր կարգավորումներ են ներառվել վնասակար բովանդակությունը և օտարեկրյա միջամտությունը կանխելու նպատակով
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում վերջերս ընդունված փոփոխությունները նպատակ ունեն բարելավել իրավահստակությունը և տեղեկատվական անվտանգությունը, սակայն մտահոգություններ են առաջացնում կարգավորման շրջանակի, համաչափության և լրատվամիջոցների ազատության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։
Նախագծի հեղինակը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Ըստ ներկայացված հիմնավորման՝ իրավական հստակությունից զատ օրենսդրական փոփոխությունները հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու և ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակ ունեն։ Մասնավորապես, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Թեև այս բարեփոխումը դրական նշանակություն ունի իրավական հստակության բարելավման և տեղեկատվական միջավայրի պաշտպանության առումով, միաժամանակ այն մտահոգություններ է առաջացրել պետական վերահսկողության ընդլայնման և խոսքի ազատության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Փոփոխությունների հիմնական բովանդակությունը և հնարավոր ռիսկերը
Օրենսդրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2026 թվականի ապրիլի 16-ին, կենտրոնանում են երեք հիմնական ուղղությունների վրա.
1. Արգելված բովանդակության վերաբերյալ ավելի մանրամասն կանոնների ներդրում։ Նոր կարգավորումներն ավելի հստակ կանոններ են սահմանել տեսալսողական հաղորդումներում արգելված բովանդակության տեսակների վերաբերյալ: Այսպես՝ արգելված են սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պատերազմի կոչ անող, բռնության և դաժանության քարոզ պարունակող, ատելություն բորբոքող կամ խտրականություն սերմանող տեղեկատվությունը, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզը:
2. Օտարերկրյա ծրագրերի կարգավորում՝ ներքին քաղաքական գործընթացներում արտաքին ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար։ Նոր կանոնները վերաբերում են հանրային մուլտիպլեքսի և ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերի բովանդակությանը և արգելում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը: Հեռուստատեսության և ռադիոի հանձնաժողովը (ՀՌՀ)՝ որպես ոլորտի կարգավորող մարմին, կարող է վարչական վարույթներ հարուցել խախտումների կասկածի դեպքում, հեռարձակողներից պահանջել համապատասխան տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները, իսկ խախտման հաստատման դեպքում՝ կասեցնել տվյալ ծրագրի հեռարձակումը: Բացի այդ, ըստ ընդունված փոփոխությունների՝ ցանցային օպերատորները տեսալսողական ծրագիրը կարող են վերահաղորդել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց և համապատասխան հաստատումը ստանալուց հետո։
3. Կարգավորող մարմնի ընդլայնված լիազորություններ։ Փոփոխությունների արդյունքում ՀՌՀ-ն ավելի ընդլայնված գործիքակազմ է ստանում՝ հնարավորություն ունենալով խախտումների դեպքում կասեցնել կամ դադարեցնել ցանցային օպերատորների լիցենզիաները: Հանրային մուլտիպլեքսում գործող տեղական ալիքների նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջները այժմ կտարածվեն ցանցային օպերատորների վրա՝ ՀՌՀ-ին տալով նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և մեդիա փորձագետները, համաձայնելով օրենսդրական բացերը հասցեագրելու և արտաքին ազդեցությունների դեմ պայքարելու անհրաժեշտության հետ, որոշակի ռիսկեր են տեսնում նոր դրույթների լայն և ոչ միանշանակ մեկնաբանման հետ կապված: Հիմնական մտահոգություններից են՝
• Արգելված բովանդակության տեսակների լայն ձևակերպումը և հստակ սահմանումների ու չափանիշների բացակայությունը ոչ միանշանակ մեկնաբանության հիմք է ստեղծում։
• Որոշ հասկացություններ, օրինակ՝ բռնության քարոզչությունը կամ քրեական ենթամշակույթը, անորոշ են և դրանք մեկնաբանելու համար կարիք կա հղում կատարել այլ օրենքների:
• ՀՌՀ-ին տրված նոր լիազորությունները կարող են հայեցողական միջամտության ռիսկեր առաջացնել:
Փոփոխությունների հնարավոր ազդեցությունը քաղաքացիական հասարակության և հանրության համար
Օրենսդրական փոփոխությունները կարող են ուղղակի և անուղղակի հետևանքներ ունենալ ՔՀԿ-ների համար։ Մի կողմից, վնասակար բովանդակության վերաբերյալ ավելի հստակ կանոնները և նման բովանդակությունից պաշտպանության միջոցների բարելավումը կարող են աջակցել ՔՀԿ-ների ջանքերին՝ լրատվամիջոցների պատասխանատու և էթիկական գործելակերպը խթանելու և ապատեղեկատվությանը հակազդելու գործում։ Մյուս կողմից, կարգավորող մարմնի լիազորությունների և վերահսկողության ավելացումը, ինչպես նաև բովանդակության սահմանափակումները կարող են ազդեցություն ունենալ ՔՀԿ-ների կողմից քննադատական տեսակետներ տարածելու կամ տեսալսողական հարթակներում հանրային քննարկումներին ազատորեն մասնակցելու հնարավորության վրա։
Հետագա քայլերի կարևորությունը
Փոփոխությունների հիման վրա առաջիկա ամիսներին կառավարությունը համապատասխան ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունի, ներառյալ՝ տեսալսողական հաղորդումների տարածման ընթացքում չարաշահման արգելքների չափորոշիչները։ Այս ենթաօրենսդրական ակտերի ներդրումը էական նշանակություն կունենա փոփոխությունների գործնական կիրառման համար։ Ներդրվող չափորոշիչների հստակությունը և համապատասխանությունը խոսքի ազատության միջազգային չափանիշներին կարևոր կլինեն հայեցողական կիրառման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ ՔՀԿ-ները կարող են իրենց ներդրումն ունենալ ոլորտի մոնիտորինգն իրականացնելու, խոսքի ազատության և լրատվամիջոցների բազմակարծության վրա հնարավոր ազդեցությունը գնահատելու, ինչպես նաև օրենքի հավասարակշռված և թափանցիկ՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կիրառումը ջատագովելու միջոցով։
Ամբողջական հոդվածը՝ «ՔՀԿ չափիչ» ծրագրի կայքում:

