Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի սկզբնական տարբերակը լուրջ մտահոգություններ էր առաջացրել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) շրջանում, սակայն ՔՀԿ-ների հետևողական ջանքերը նպաստեցին նախագծում կարևոր բարելավումների ներառմանը։ Այսպես, օրենսդրական փոփոխությունների՝ Ազգային ժողովի կողմից ընդունված տարբերակում ամրագրվեց հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ապահովման պահանջը։ Միևնույն ժամանակ, խիստ արդիական են մնում քաղաքացիական հասարակության մտահոգությունները օրենքի այն դրույթների շուրջ, որոնք կարող են էականորեն վտանգել սեփականատերերի իրավունքների պաշտպանության երաշխիքները։

Առաջարկվող բարեփոխման նպատակն էր ամրապնդել օտարման գործընթացի երաշխիքները, սակայն նախագծի առաջին տարբերակը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» և դրա 2020–2022 և 2023–2025 թվականների գործողությունների ծրագրերի դրույթներից՝ նպատակ ունենալով ամրապնդել գույքի օտարման գործընթացում առկա երաշխիքները և բարելավել հանրային ու մասնավոր շահերի միջև հավասարակշռությունը։ 2025 թվականի հուլիսին հանրային քննարկման ներկայացված նախագիծը չէր ներառում հանրային մասնակցության որևէ մեխանիզմ և պարունակում էր մի շարք դրույթներ, որոնք ՔՀԿ-ներն ու փորձագետները խնդրահարույց համարեցին սեփականատերերի իրավունքների տեսանկյունից։ Մասնավորապես, փոխհատուցման ոչ բավարար երաշխիքները, օտարման որոշումները վիճարկելու սահմանափակ հնարավորությունները և սեփականության իրավունքի արտադատական դադարեցման վիճահարույց կարգը լուրջ մտահոգություններ են առաջացրել ազդակիր անձանց շրջանում։

Քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ օրենքում ներառվեց հանրային քննարկման պահանջը

Ի պատասխան հրապարակված նախագծի՝ ՔՀԿ-ները մանրամասն դիտարկումներ և առաջարկություններ ներկայացրին՝ ընդգծելով նախագծի շուրջ հանրային քննարկման անհրաժեշտությունը։ Այնուհետև Արդարադատության նախարարությունը կազմակերպեց քննարկումներ, որոնց ընթացքում ՔՀԿ-ները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկվող լուծումները։ Այս քննարկումներից հետո ՔՀԿ-ները հրապարակեցին երկրորդ՝ լրացված կարծիքը, որին միացան ավելի մեծ թվով կազմակերպություններ։ Այս անգամ ՔՀԿ-ները ավելի հստակ կերպով առաջարկեցին հանրային մասնակցության մեխանիզմ ներառել՝ առաջարկը հիմնավորվելով միջազգային համեմատական փորձով ու փաստարկներով և շեշտադրելով սեփականության իրավունքին վերաբերող որոշումների ընդունման գործընթացում թափանցիկության և քաղաքացիների մասնակցության անհրաժեշտությունը։ Այս ջանքերի արդյունքում նախագիծը վերանայվեց և ներառվեց հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումների ընդունումից առաջ հանրային քննարկում անցկացնելու պահանջ։

Ազգային ժողովը օրենսդրական փոփոխություններն ընդունեց 2026 թվականի փետրվարի 11-ին։ Թեև այս փոփոխությունը որոշումների մասնակցային և թափանցիկ կայացման առումով նշանակալի բարելավում է, դեռևս լուրջ մտահոգություններ կան արտադատական օտարման կարգի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի վրա ազդող այլ վիճահարույց կարգավորումների առնչությամբ։

Հանրային քննարկումների նոր պահանջի արդյունքում ՔՀԿ-ները կարևոր դերակատարություն են ստանում իրավակարգավորման կիրարկման մշտադիտարկման հարցում

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումների նախագծերի հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը պետք է սահմանի կառավարությունը՝ առանձին որոշմամբ։

ՔՀԿ-ների տեսանկյունից սա նշանակում է, որ նրանք պետք է հետևեն, որպեսզի կառավարության որոշմամբ սահմանվի քննարկման ներառական ու գործուն մեխանիզմ, որը հնարավորություն կտա բովանդակալից մասնակցություն ապահովել ազդակիր անձանց և համայնքների համար, ինչպես նաև կերաշխավորի, որ հանրության կարծիքը ունակ լինի արդյունավետորեն ազդելու օտարման վերաբերյալ վերջնական որոշումների վրա։ Թեև հանրային քննարկման պահանջը դրական քայլ է մասնակցային կառավարման ուղղությամբ, ՔՀԿ-ները պետք է շարունակեն զգոն մնալ, քանի որ օրենքի մի շարք այլ դրույթներ շարունակում են էական ռիսկեր ստեղծել սեփականատերերի իրավունքների համար։

Հաջորդ քայլերը

Նշված փոփոխությունները կարևոր քայլ են քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ՝ գույքի օտարման գործընթացներում առավել թափանցիկ և մասնակցային որոշումների կայացման միջոցով։ Հաջորդ քայլը կլինի հանրային քննարկումների կարգը սահմանող կառավարության որոշման ընդունումը, որից կախված կլինի, թե արդյոք այս նոր պահանջը գործնականում կապահովի քաղաքացիների և ՔՀԿ-ների արդյունավետ մասնակցությունը։

ՔՀԿ-ներից ակնկալվում է այս գործընթացի հանրային վերահսկողության ապահովումը՝ համոզվելու համար, որ քննարկումների ընթացակարգերը լինեն հասանելի, ներառական և ունակ ազդելու որոշումների կայացման վրա։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով օրենքում առկա ու դեռևս չլուծված խնդիրները, այդ թվում՝ արտադատական կարգով օտարման կարգի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների պակասի խնդիրները, քաղաքացիական հասարակությունը նաև պետք է հետևի օրենքի կիրառման գործընթացին և շարունակի ջատագովությունը՝ օրենսդրության մակարդակով արդարություն, թափանցիկություն և սեփականության իրավունքների պաշտպանություն ապահովող երաշխիքների ընդունման ուղղությամբ։

Սկզբնաղբյուրը՝ «ՔՀԿ չափիչ» ծրագրի կայք