Սիվիլնեթի անդրադարձը Երևանում հանրային տարածքների կառավարման մոնիտորինգի արդյունքների քննարկմանը
Հունվարի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրեց Երևանում հանրային տարածքների կառավարման մոնիթորինգի արդյունքները։ 14 երիտասարդ մասնագետներ ամիսներ շարունակ ուսումնասիրել են փաստաթղթեր, իրականացրել դաշտային դիտարկումներ և տվյալների հավաքագրում՝ կենտրոնանալով բակերի բարեկարգման, կանաչ տարածքների վարձակալության, ծառատունկի ու այգիների վերանորոգման վրա։
Միջոցառման սկզբում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը շեշտեց, որ հանրային տարածքների կառավարումը պահանջում է բացառիկ թափանցիկություն, սակայն առկա փաստաթղթերը հաճախ «կիսափնթի» վիճակում են, իսկ որակի վերահսկողությունը՝ անբավարար։
Մոնիթորինգային թիմի անդամներից Էդգար Զատիկյանի խոսքով՝ իրենց թիմը բախվել է Երևանի քաղաքապետարանի անհասկանալի դիմադրությանը։ Գերատեսչությունը հրաժարվել է տրամադրել վարձավճարների չափի մասին տեղեկատվությունը՝ այն որակելով որպես «անձնական տվյալ»։ Մինչդեռ հետազոտողները պնդում են, որ հանրային սեփականություն հանդիսացող այգիների վարձակալության պայմանները չեն կարող գաղտնի լինել հանրությունից։
Երիտասարդներից Ալբերտ Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այգիների բարեկարգման որոշ աշխատանքներ ներկայացվում են որպես անհատների կողմից արված նվիրատվություն, ինչը քաղաքապետարանին «հնարավորություն է տալիս» չհրապարակել նախագծերն ու ծախսերը։ «Անհատը չի կարող ուղղակի քնից զարթնել և որոշել այգի վերանորոգել. դա պետք է լինի վերահսկելի և հանրայնացված նախագծով»,- նշեց նա։
Մոնիթորինգային թիմը նշեց, որ լրջագույն խնդիրներ են արձանագրվել բակային տարածքների բարեկարգման հարցում։ ԹԻՀԿ ներկայացուցիչ Արեն Մանուկյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրված 70 բակերից և ոչ մեկը ամբողջությամբ չի համապատասխանել հաստատված նախագծին։ Չնայած շեղումներին՝ քաղաքապետարանը ստորագրել է հանձնման-ընդունման ակտերը։ Բացի այդ, սարքավորումները հաճախ շարքից դուրս են գալիս մեկ տարվա ընթացքում, սակայն երաշխիքային սպասարկում այդպես էլ չի իրականացվում։
Թիմի անդամներից Տաթևիկ Ղազարյանը ներկայացրեց կանաչապատման ոլորտում առկա գնային անհամապատասխանությունները։ Ըստ մոնիթորինգի՝ քաղաքապետարանը որոշ ծառատեսակներ գնել է շուկայականից 5 անգամ թանկ գնով (օրինակ՝ սովորական սոսին՝ շուրջ 80,000 դրամով)։ Խնդրահարույց է նաև այն, որ կանաչապատման ողջ տեղեկատվությունը պահվում է թղթային տարբերակով, ինչը մեծացնում է տվյալների մանիպուլյացիայի ռիսկը։
Ի պատասխան այս քննադատությանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ պատրաստ է անձնական միջոցներով գնել այն սոսիները, որոնք երիտասարդները համարում են շուկայականից թանկ։ Նա նաև պարզաբանեց, որ նախագծային շեղումները կարող են լինել փոխադարձ համաձայնությամբ, ինչի արդյունքում չիրականացված աշխատանքի համար գումար չի վճարվում։
Մոնիթորինգի հեղինակները որպես լուծում առաջարկում են ստեղծել միասնական թվային քարտեզ, որտեղ հանրության համար հասանելի կլինի յուրաքանչյուր բակի, այգու և անգամ ծառի կարգավիճակն ու դրա վրա ծախսված միջոցները։
Ամբողջական հոդվածը հասանելի է civilnet.am-ում։

