Շինարարական տուգանքների ծավալն աճել է
Հետաքննող լրագրողական հոդվածը պատրաստվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։
Վերջին հինգ տարիներին նուակառույց շենքերում ստուգումների և նշանակված տուգանքների քանակը զգալիորեն աճել է․ եթե 2020-ին իրականացվել էր 64 ստուգում և նշանակվել 2,3 մլն դրամի տուգանք, ապա 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին այդ թիվը հասել է 35,7 մլն դրամի։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինից (ՔՏՀԱ)։
Սիվիլնեթը դիմել էր կառույցին՝ պարզելու շինարարական ոլորտում իրականացվող վերահսկողության, մասնավորապես՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրով կառուցվող շենքերի, թաքստոցների առկայության և ժամկետանց շինարարությունների վերաբերյալ մանրամասներ։
Տուգանքների վիճակագրությունը և աճի դինամիկան
Շինարարական օբյեկտներում իրականացված ստուգումների և կիրառված պատասխանատվության միջոցների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020-ին իրականացվել է 64 ստուգում և նշանակվել 2,3 մլն դրամի տուգանք։ Հաջորդ տարի՝ 2021-ին, ստուգումների թիվը հասել է 175-ի, իսկ տուգանքները՝ 16,5 մլն դրամի, 2022-ին 163 ստուգման արդյունքում նշանակվել է 20,5 մլն դրամ տուգանք, իսկ 2023-ին 115 ստուգմամբ՝ 23,8 մլն դրամ։ 2024-ին, չնայած ստուգումների քանակի նվազմանը մինչև 62, տուգանքների չափը կտրուկ աճել է՝ հասնելով 37,6 մլն դրամի։ Ընթացիկ տարվա՝ 2025-ի հունվարից մինչև հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ իրականացվել է 107 ստուգում և նշանակվել 35,7 մլն դրամի տուգանք։
Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են նախագծային շեղումներին, անվտանգության կանոնների չպահպանմանը և տեխնիկական հսկողության թերացումներին։ Նշվում է, որ այնպիսի թերություններ, որոնց դեպքում շինաշխատանքները պետք է դադարեցվեին, չեն հայտնաբերվել։
Ի՞նչ է սպասվում ժամկետները խախտող կառուցապատողներին
Անդրադառնալով շինարարության ժամկետների խախտմանը՝ տեսչական մարմինը պարզաբանել է գործող ընթացակարգը։ Ըստ այդմ՝ թույլտվություն տվող մարմինը (համայնքը) նախազգուշացնում է կառուցապատողին։ Եթե վերջինս մեկամսյա ժամկետում չի դիմում ժամկետի երկարաձգման համար կամ նոր ժամկետում չի ավարտում շինարարությունը, համայնքը դիմում է դատարան՝ օբյեկտը վաճառելու հայցով։
Վաճառքի գինը սահմանում է դատարանը, բայց այն չի կարող պակաս լինել օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսից։
Թաքստոցներ և եկամտային հարկ
Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերում թաքստոցների (բունկերների) առկայությանը, տեսչական մարմինը հայտնել է, որ Երևանում իրականացված ստուգումների ընթացքում նախագծով նախատեսված, սակայն չկառուցված թաքստոցների դեպքեր չեն արձանագրվել։ Թաքստոցների պահանջը սահմանվում է նախագծման թույլտվությամբ, որը տրամադրում է համայնքի ղեկավարը։
Կառույցը նաև տեղեկացրել է, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրով կառուցվող շենքերի մասով առանձնացված հաշվառում չի իրականացնում։
Հոդվածի հեղինակ՝ Գևորգ Թոսունյան
Նյութի սկզբնաղբյուր՝ civilnet.am

