Հետաքննող լրագրողական հոդվածը պատրաստվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։

Երևանի բազմաբնակարան շենքերում ապաստարանների խնդիրը բաժանվում է երկու մասի։ Այն սուր է հատկապես խորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքերի դեպքում, որոնց կառավարումը ներկայում վստահված է թերի գործող համատիրություններին, և որոնք թաքստոցները մատնում են անուշադրության։

Տերմինների մասին. պաշտպանական կառույցները երեք տեսակի են՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Երևանի շենքերի նկուղները ոչ թե ապաստարաններ են, այլ պարզագույն թաքստոցներ։ Թեև բնակչությունը դրանց ապաստարան է անվանում։

Եկամտահարկով կառուցվող բնակարանների դեպքում իրավիճակը համեմատաբար կանոնակարգված է։ Մասնավորապես, 2020-ին փոփոխություն կատարվեց ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014-ի հրամանում, որը կարգավորում է նաև քաղաքացիական պաշտպանության և անվտանության հարցերը։

2020-ի փոփոխությամբ պարտադիր է դարձել նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում կամ ստորգետնյա ավտոկայանատեղիներում «քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)՝ ապաստարաններ և թաքստոցներ» նախատեսելը։

Հայաստանում թաքստոցների խնդիրը հատկապես սրվում է որևէ կոնֆլիկտի զարգացման համատեքստում։ Հին շենքերի դեպքում քաղաքապետարանը համատիրություններին է մեղադրում՝ պնդելով, որ այն իրենց պատասխանատվության դաշտում է, իսկ համատիրություններն էլ պնդում են, թե ֆինանսական միջոցները և բնակիչների կողմից նկուղների զավթումը թույլ չեն տալիս խնդիրը լուծել։

Մյուս կողմից էլ, պատկան մարմինները թիրախային գույքագրում չեն իրականացրել ու չունեն այդ տվյալները։

Թաքստոցների դեպքում առկա մյուս խնդիրն էլ օրենսդրական է։ Առ այսօր պետությունը իրավական առումով չի կարգավորել ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների կարգավիճակը։

2024-ից Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել քաղաքացիական պաշտպանության բնագավառին առնչվող իրավական ակտերի փոփոխության նախագիծը։ Այս նախագիծը որոշ մասով լուծում է տալիս թաքստոցների խնդիրներին ու նախատեսում տուգանքներ այն մարմինների համար, որոնք չեն ապահովում դրանց աշխատանքային վիճակը։

Մասնավորապես, նախագիծը սահմանում է, որ «պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն»։ Ըստ այս մոտեցման՝ դրանք առանձնացվում են մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գույքի կազմից և հանձնվում լիազոր մարմնի տնօրինությանը։

Մյուս կողմից էլ նախագծով սահմանվում է համապատասխան օրենքների պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության կարգը։ Օրենսդրական այս փաթեթը դեռևս չի ընդունվել։

Հոդվածի հեղինակ՝ Գևորգ Թոսունյան

Նյութի սկզբնաղբյուր՝ civilnet.am