Քաղհասարակությունը դիմել է ՎԶԵԲ-ին՝ կոչ անելով հայաստանյան բանկերին ներկայացնել Ամուլսարի ծրագրից դուրս գալու իր պատճառները
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները սույն թվականի հուլիսի 15-ին համատեղ հայտարարությամբ դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ կոչ անելով ներկայացնել Ամուլսարի ծրագրց դուրս գալու պատճառները։ Հայտարարության մեջ նշված է․
«2009 թվականի սկզբին ՎԶԵԲ-ը ներդրեց 13 միլիոն եվրո` որպես բաժնետիրական ֆինանսավորում՝ աջակցելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման զարգացմանը Հայաստանում՝ հետևյալ ձևակերպմամբ. «Որպես նախագծի մաս՝ միջոցներն օգտագործվել բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների ֆինանսավորման համար»: 11.4 միլիոն կանադական դոլարն օգտագործվեց որպես ընկերության կապիտալի ավելացման մաս՝ բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով։
Շինարարությունը սկսվեց 2017 թվականին, ինչը բացասական ազդեցություն թողեց տեղի համայնքների, երկու գետերի ջրավազանների, գյուղատնտեսության, կենսաբազմազանության, Ջերմուկ առողջարանի և նրա ծառայությունների վրա։ 2020 թվականին ՎԶԵԲ-ը որոշում կայացրեց դուրս գալ նախագծից։ Այդ պահից ի վեր նախագիծն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը (այնուհետև՝ «Լիդիան Արմենիա») փորձեց ներգրավել միջազգային ներդրումներ, սակայն չի կարողացավ՝ հաշվի առնելով բարձր ռիսկերը և հասարակական ուժեղ դիմադրությունը։
2025թ․ ՀՀ կառավարությունը հաստատեց պետական երաշխիք՝ հինգ հայկական բանկերից ստացվելիք 150 միլիոն ԱՄՆ դոլար վարկի համար, որը նախատեսված է Ամուլսարի ծրագրի շարունակական զարգացման համար։ Հայկական ՀԿ-ները դատական հայց են ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ որոշումը, և ներկայում դատական գործընթացը շարունակվում է։ Այս հինգ բանկերից չորսը՝ Արդշինբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը և ԱԿԲԱ բանկը ՎԶԵԲ-ի գործընկերներն են և երկարամյա համագործակիցներ «կանաչ» ներդրումների ոլորտում։ Թեև որոշ բանկեր ոչ պաշտոնապես հերքել են Ամուլսարի ծրագրին մասնակցությունը, ՀՀ կառավարության որոշումը մնում է անփոփոխ։ Ավելին, Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ բանկը հայտարարեց մի շարք նոր համաձայնագրերի ստորագրման մասին հայկական բանկերի հետ, ներառյալ Ինեկոբանկը, Էվոկաբանկը, Ամերիաբանկը և Կոնվերս Բանկը։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք կոչ ենք անում ՎԶԵԲ-ին ներգրավվել հայաստանյան բանկերի հետ երկխոսության մեջ և ներկայացնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ իր փորձը, այդ թվում՝ ծրագրից դուրս գալու պատճառները և էական բնապահպանական ու սոցիալական ռիսկերը։
Մենք կոչ ենք անում ՎԶԵԲ-ին ապահովել, որ իր ֆինանսավորումը հայաստանյան բանկերին՝ լինի դա ուղղակի, թե անուղղակի՝ ֆինանսական միջնորդների կամ բաժնետիրական ներդրումների միջոցով, չօգտագործվի Ամուլսարի հանքի աջակցման համար՝ առավել ևս հաշվի առնելով համայնքների կողմից ներկայացված ընթացիկ բողոքը ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM)»։
Հայտարարությանը միացել են․
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Անահիտ Սիմոնյան (ՀՀ ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ)
«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանց
