ԹԻՀԿ-ում շարունակում ենք սիրելի Հակակոռուպցիոն դպրոցի տարբեր ժամանակների շրջանավարտների հետ միասնական ծրագրերը և ինտելեկտուալ ժամանցը։

Ապրիլի 30-ին միմյանց միջև մրցակցային, սակայն ջերմ մթնոլորտում, կայացավ «Պոլիտեա» ինտելեկտուալ մրցաշարի հերթական խաղը՝ Հակակոռուպցիոն 9-րդ, 10-րդ և 11-րդ դպրոցների շրջանավարտների մասնակցությամբ։

Մրցաշարի նպատակը միայն գիտելիքների ստուգումը չէր՝ այն նաև հարթակ էր նոր ծանոթությունների, վառ գաղափարների փոխանակման և հետաքրքիր քննարկումների համար։

Մրցաշարը բաղկացած էր երեք փուլից՝

  • 1-ին փուլ՝ «Տրամաչափ» – 11 թեմատիկ հարց՝ վերլուծական կարողությունների ստուգմամբ
  • 2-րդ փուլ՝ «Պոլիտեա» բառախաղ – երկու շրջան, 40 վայրկյան յուրաքանչյուր թիմի համար
  • 3-րդ փուլ՝ «Արագամիտ» – եզրափակիչում պայքարեցին լավագույն երեք թիմերը՝ 6 թեմատիկ բլոկների շրջանակում։

Մրցաշարում հաղթեց «Ես լվամ, դու չորացրու» ( մեր ստեղծագործ սաները թիմի անվանումն ընտրելիս ի նկատի են ունեցել փողերի լվացումը)։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ ակտիվության ու խորքային պատասխանների համար։

Հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ լինելը նշանակում է ունենալ քննադատական մտածողություն, ստեղծել և համագործակցել։

«Պոլիտեա» մրցաշարն իրականացվեց Շվեդիայի կառավարության օժանդակությամբ։