ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության գնահատման արդյունքների ներկայացում
Օրեր առաջ հանրությանը ներկայացրինք մեր վերջին զեկույցը, որը գնահատում է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը։
Ուսումնասիրությունը չի սահմանափակվել միայն թվերով ու փաստերով․ այն բացահայտում է, թե որքանով է կոմիտեն իրականում անկախ, ռեսուրսներով ապահովված, պատասխանատու ու արդյունավետ իր գործում։
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը գնահատվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ վեց հիմնական ուղղությամբ։ Դրանք են՝
- կառույցի անկախությունն ու կարգավիճակը,
- ֆինանսական և մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը,
- հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը,
- կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումն, քննությունն ու հետապնդումը,
- հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը,
- համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։
Մեթոդաբանությունը հնարավորություն է տվել գնահատել կոմիտեի գործունեությունը նաև Ջակարտայի սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից, ինչպես նաև վերլուծել արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը։
ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ, զեկույցի հեղինակ Անուշ Հակոբյանը նշել է, որ արձանագրված մի շարք դիտողություններ մտահոգիչ են։ Թեև կոմիտեի անկախությունն ու կարգավիճակը գնահատվել է միջինից բարձր, արտաքին ազդեցությունների վտանգը շարունակում է մնալ իրական:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն իր ելույթում վստահեցրեց, որ թիմն արդեն ծանոթ է զեկույցի բովանդակությանը և առաջարկությունները ընդունվել են ի գիտություն և արդեն աշխատում են թերությունների ուղղման վրա։
Զեկույցում ցածր միավորներ են տրվել հատկապես կոմիտեի հաշվետվողականության, ներքին բարեվարքության, ինչպես նաև կանխարգելիչ, կրթական և իրազեկող գործառույթների մասով։
Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Միջոցառմանն անդրադարձ են կատարել հետևյալ լրատվամիջոցները՝