Ավարտվեց Հակակոռուպցիոն 11-րդ դպրոցը
ԹԻՀԿ-ն ամփոփեց Հակակոռուպցիոն 11-րդ դպրոցը, որը համախմբել էր պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ոլորտների երիտասարդ մասնագետներին՝ խորացնելու նրանց գիտելիքներն ու հմտությունները կոռուպցիայի դեմ պայքարում։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները, ազդարարման համակարգը, հանրային պաշտոնյաների բարեվարքության նորմերը, շահերի բախման խնդիրները և միջազգային փորձը։
Մասնակիցները ծանոթացան պետական բյուջեի, հարկային համակարգի, գնումների ոլորտի կոռուպցիոն ռիսկերին, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրներին, ինչպես նաև իրավապահ մարմիններում առկա կոռուպցիոն մեխանիզմներին։ Առանձին ուշադրություն դարձվեց կոռուպցիայի և անվտանգության փոխկապակցվածությանը, ինչպես նաև հետաքննող լրագրության դերին կոռուպցիայի բացահայտման գործում։
Դպրոցի վերջին օրը մասնակիցները ներգրավվեցին «Կոռումպաստան» դերախաղի մեջ, որի շրջանակներում հանդես եկան տարբեր շահագրգիռ կողմերի դերերով՝ քաղաքական գործիչներից մինչև հասարակական ակտիվիստներ։ Բանակցությունների արդյունքում մշակվեց և ընդունվեց Կոռումպաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ ցույց տալով թիմային աշխատանքի և համաձայնությունների կարևորությունը։
Շնորհակալ են դպրոցի բոլոր դասավանդողներին և մասնակիցներին իրենց կարևոր ներդրման համար, որի շնորհիվ ձևավորվում են ապագա առաջնորդները և հակակոռուպցիոն պայքարի մարտիկները։
Հակակոռուպցիոն 11-րդ դպրոցն իրականացվեց Շվեդիայի կառավարության օժանդակությամբ։