77 երկրների քաղաքացիական հասարակության 260 կազմակերպություններ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի 136 մասնակից պետություններին կոչ են անում ընդունել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ համակարգ հակակոռուպցիոն պարտավորությունների առաջընթացը մոնիտորինգի ենթարկելու նպատակով: Ս. թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում հայտարարությունը բաց կմնա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցությունը ստանալու համար: Սեղմեք այստեղ , եթե Ձեր կազմակերպությունը ցանկանում է ստորագրել հայտարարությունը:

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիան կոռուպցիան կանխելուն և դրա դեմ պայքարին ուղղված համապարփակ համաշխարհային իրավական գործիք է: Հայտարարությունն ընդգրկում է կոնվենցիայի իրականացումը լավագույնս մոնիտորինգի ենթարկելու նպատակով մշակված հատուկ հանձնարարականներ, որ, նախքան կոնվենցիայի մասնակից պետությունների` Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերին կայանալիք երրորդ համաժողովը, ներկայացվել են Վիեննայում ընթացող` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների հանդիպման ընթացքում:

Մյուս հակակոռուպցիոն մոնիտորինգային համակարգերի հետ ունեցած փորձը ցույց է տալիս, որ առանց ուժեղ հսկողական մեխանիզմի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիան շատ կառավարությունների կողմից կընդունվի միայն ձևականորեն, որին կհաջորդեն չհամակարգված և հաճախ թույլ հակակոռուպցիոն ջանքեր: Չնայած հսկողության մեխանիզմի անհրաժեշտության վերաբերյալ մասնակից պետությունները համաձայնության էին եկել դեռևս 2006-ին, նման ուժեղ մեխանիզմի ընդունումը չի ապահովվել թեպետ փոքր, բայց իրենց ձայնը լսելի դարձնող և լայն համաձայնությանը խոչընդոտող երկրների խմբի առարկության պատճառով:

Գործերի ներկա վիճակը ցույց է տալիս, որ չնայած հենց կոնվենցիայով ամրագրված (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիա, Հոդված 13) թափանցիկության ու քաղաքացիական հասարակության մասնակցության պահանջին, պետությունների մի փոքր խմբի ներկայացուցիչներ դեմ են սույն ուղենշային հակակոռուպցիոն կոնվենցիայի հսկման մեխանիզմի նման երաշխիքներին. «Մոնիտորինգի առաջընթացին խոչընդոտելն անընդունելի է, եթե պետություններն իսկապես ցանկանում են իրականացնել կոռուպցիոն արարքները կանխելուն, բացահայտելուն, քննելուն, և պատժելուն ուղղված կոնվենցիայի չափանիշներն ու պահանջները»,-նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնվենցիաների ծրագրի ղեկավար Ջիլիան Դելը: «Նման մարտավարությունները հակասում են նաև հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ այլ միջազգային կոնվենցիաներով (որոնց նաև այդ պետությունները մասնակից են) ընդունված ընդհանուր փորձին», - ավելացրել է Դելը:

Դաշինքի հայտարարությունը ստորագրողների ամբողջական ցանկը տեսնելու համար կարող եք այցելել www.uncaccoalition.org