Երևան քաղաքի կառավարմանն առնչվող հետաքննական նյութերի դրամաշնորհային մրցույթ
Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու հետաքննական նյութերի առաջարկներ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի կառավարմանը:
Իրականացվող հետաքննությունները պետք է վերաբերեն Երևանի քաղաքապետարանի կամ դրա ենթակայությամբ գործող կառույցների գործունեությանը, մասնավորապես՝ կանաչապատման, տրանսպորտի, աղբահանության, հուշարձանների պահպանության, կառուցապատման, բյուջեի, գնումների, աճուրդների և այլ ոլորտներին։
Հետաքննական նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի՝ հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։ Լրագրողները կարող են դիմել՝ առաջարկելով մեկից ավել գաղափարներ։
Ծրագիրը նախատեսում է տրամադրել մինչև 3 դրամաշնորհ։ Մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 500,000 ՀՀ դրամ է, ներառյալ՝ հարկերը։
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկ կամ ավելի գաղափարներ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 10-ն է։
Ծրագրերի մեկնարկը 2024 թվականի հունիսի 1-ն է։ Նյութերը պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.
- առաջարկվող հետաքննություն (50 միավոր)՝ խնդրի ներկայացումը, արդիականության/կարիքի հիմնավորումը,
- արդյունքների հետագա կիրառելիությունը (40 միավոր), օրինակ՝ հետաքննության բացահայտումների հիմքի վրա իրավակարգավորումների փոփոխություններ առաջարկելու, իրավական գործընթաց նախաձեռնելու, Երևանի գլխավոր պլանի (հատակագծի) մշակման աշխատանքներում օգտագործվելու հնարավորությունը և այլն,
- ծրագրի բյուջեն և դրա նկարագրականը (10 միավոր)՝ բյուջեի համապատասխանությունը նպատակներին և առաջարկվող ծախսերի իրատեսականությունը։
Ի լրումն նշվածի՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի է առնվելու ներկայացվող առաջարկի այլ՝ առկա հետաքննական նյութերին չկրկնելու հանգամանքը։
Առաջարկի ներկայացման կարգը
Հայտ ներկայացնող լրագրողները պետք է լրացնեն առցանց դիմումի Ձևաթուղթը, որն իր մեջ ներառում է՝
- Ծրագրի առաջարկը
- Բյուջե և բյուջեի նկարագրականը
- Աշխատանքային պլանը
- Նյութի հրապարակումը հավաստող գրությունը համապատասխան լրատվամիջոցի խմբագրից (անհրաժեշտ է ներբեռնել ձևաթղթում)։
Խնդրում ենք հարցերն ուղղել գրավոր [email protected] հասցեով` նամակի վերնագրում նշելով «Investigation Grant _Questions» մինչև ս․թ․ մայիսի 1-ը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից։