2023 թվականի դեկտեմբերի 19-ին հանրային քննարկման դրվեց «Տեղեկատվության և հանրային տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով առաջարկվում են տեղեկատվության մատչելիության և հանրային տվյալների կառավարման ընդարձակ կարգավորումներ։ Նախագծի նպատակներից է, մասնավորապես, նպաստել տեղեկատվության միասնական քաղաքականության իրականացմանը և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, որը Բաց կառավարման գործընկերություն Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի հանձնառություններից է։ Ակնկալվում է, որ նոր օրենքը կփոխարինի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Ի լրումն գործող օրենքում ընդգրկված հարցերի և ի թիվս այլ դրույթների, նախագիծը սահմանում է «տեղեկատվություն» և «հանրային տեղեկություն» հասկացությունները, կարգավորումներ է նախատեսում պետական տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների վերաբերյալ, ինչպես նաև օրենքի դրույթների հսկողության համար պատասխանատու լիազոր մարմին է սահմանում՝ ի դեմս Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության:

«ՔՀԿ չափիչ» 2023 թվականի զեկույցը մի շարք մարտահրավերներ է բացահայտել տեղեկատվության մատչելիության ոլորտում: Չնայած 2022 թվականին պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը, գործնականում տեղեկատվության մատչելիությունը վերջին տարիներին չի բարելավվել: Հարցումների պատասխանները հաճախ ուշանում են, մերժվում կամ երբեմն ընդհանրապես չեն տրամադրվում: Պետական մարմինները և համայնքապետարանները միշտ չէ, որ ժամանակին հրապարակում են օրենքով պահանջվող ամբողջական տեղեկատվությունը, իսկ հրապարակված տվյալները հաճախ չեն համապատասխանում բաց տվյալների ձևաչափին: Բացի այդ, 2023 թվականին ընդունված «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանվեց «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության» հասկացությունը՝ իրավական հիմքեր տրամադրելով տեղեկատվության հետագա հնարավոր սահմանափակումների համար։

Գործող օրենսդրությամբ նախատեսված չեն տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման մոնիտորինգի մեխանիզմներ կամ ոլորտի լիազորված մարմին։ Ավելին, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003 թվականին, այն չի ներառում տեղեկատվության ժամանակակից տեսակներն ու ձևաչափերը, ինչպես նաև չի նախատեսում հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության հասանելիությունն ապահովելու պահանջներ: Միևնույն ժամանակ, գործող օրենքը, ընդհանուր առմամբ, հնարավորություն է տալիս ապահովել տեղեկատվության հասանելիության իրավունքը, քանի որ այն կիրառվում է ինչպես պետական, այնպես էլ տեղական իշխանությունների, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների նկատմամբ: Տեղեկատվության գրավոր հարցումների պատասխանները ներկայացվում են հինգ օրվա ընթացքում՝ առանց հարցումը հիմնավորելու անհրաժեշտության պահանջի: Տեղեկատվության տրամադրման համար լրացուցիչ ջանքեր պահանջվելու դեպքում այս ժամկետը երկարաձգվում է մինչև 30 օր:

Թեև նոր օրենքի նախագիծը հասցեագրում է առկա որոշ մարտահրավերներ, այն որոշակի վիճահարույց բաղադրիչներ է պարունակում, որոնք, ըստ ՔՀԿ-ների, կարող են վտանգել գործող օրենսդրությամբ տրամադրված հնարավորությունները։ Մի շարք ՔՀԿ-ներ հանդես եկան նախագծի վերաբերյալ քննադատական կարծիքներով՝ նշելով, որ նախագծում տեղ գտած որոշ իրավակարգավորումների պատճառով նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում, և կոչ անելով կառավարությանը այն հանել շրջանառությունից:

ՔՀԿ-ները, մասնավորապես, առաջարկել են տվյալների կառավարման մասին առանձին օրենք մշակել, որը կկարգավորի հանրային տեղեկությունների մշակումը, դասակարգումը, գրանցումը, պահպանումը, հրապարակման ձևաչափերը և այլ կանոնակարգերը՝ այդպիսով խուսափելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելորդ և ծանրաբեռնող կարգավորումներից: Մյուս կողմից, վերջինիս դրույթները ավելի խորքային քննարկում և ուսումնասիրում են պահանջում, և այդ օրենքի վերանայումը պետք է հիմնվի ոլորտում առկա դրական ձեռքբերումների և մարտահրավերների վրա:

Ելնելով ՔՀԿ-ների մտահոգություններից՝ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարությունը հանդիպում է կազմակերպել շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկու կողմերի մտահոգություններն ու առաջարկությունները: Քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է նախագծի հեղինակներին հաշվի առնել ՔՀԿ-ների կարծիքներն ու առաջարկությունները և նախագծի հետագա տարբերակները քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Հոդվածի սկզբաղբյուրը ՔՀԿ չափիչ կայքում