ԹԻՀԿ-ը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան և ԿԿՀ՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի կառուցապատման վերաբերյալ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր առաքելության շրջանակներում իրականացնում է հանրային կառավարման գործընթացների դիտարկում: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հանրային ֆինանսների և գույքի կառավարման և մասնավոր սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքի գերակա հանրային շահ ճանաչելու և օտարման հետ կապված հարցերը։
Վերջերս հանրային օրակարգում է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի կառուցապատման թեման, որտեղ նախատեսվում է «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի և այլ երրորդ անձանց պատկանող գույքի օտարում՝ որպես գերակա հանրային շահ:
ԹԻՀԿ-ը հարցում է ուղարկել քաղաքապետարան խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը՝
1. Օղակաձև զբոսայգին ամբողջական կանաչ տարածք է և դրա խնդիրը, տեսքը, զարգացումը, պահպանումը պետք է որ ենթարկվեն միասնական տրամաբանության: Զբոսայգու առանձին հատվածների բարեկարգումը պետք է բխի միասնական հայեցակարգից/ծրագրից և ոչ թե լինի կցկտուր, ըստ տվյալ պահի նպատակահարմարության կամ կառուցապատողի առկայության:
Ո՞ր քաղաքաշինական կամ համայնքային զարգացման ծրագրով է սահմանված ընդհանուր Օղակաձև զբոսայգու զարգացման/պահպանման ամբողջական կոնցեպտը: Ի՞նչ չափանիշների հիման վրա է առաջնահերթ կառուցապատման կարիքը ձևակերպվել զբոսայգու հենց չորրորդ հատվածի համար, եթե առկա են ավելի վատ վիճակում գտնվող հատվածներ: Ո՞ր ծրագրից է բխում Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում թենիսի կորտերի վերացման անհրաժեշտությունը:
2. Առկա է հակասական տեղեկություն այն մասին, թե Օղակաձև զբոսայգու տվյալ հատվածի կառուցապատման համար ո՞վ է եղել դիմող կողմը՝ Երևանի քաղաքապետարա՞նը, թե՞ Green Rock Management Group ընկերությունը: Նաև վեր են հանվել տվյալներ տվյալ ընկերության կասկածելի արտասահմանյան կապերի վերաբերյալ:
Եթե Երևանի քաղաքապետարանն է դիմել Green Rock Management Group ընկերությանը խնդրելով կազմել նախագիծ, ի՞նչ գործընթացով (ոչ հրապարակային մրցույթ, երաշխավորություն կամ այլ) և ի՞նչ հիմնավորմամբ (նախկին համագործակցություն, բացառիկ փորձառություն, խոշոր ներդրման առաջարկ, նվիրաբերության դիմաց փոխհատուցում կամ այլ) է այն կատարել ընտրությունը: Եթե ընկերությունն է դիմել Երևանի քաղաքապետարանին, ի՞նչ հիմնավորմամբ է քաղաքապետարանն անմիջապես համաձայնել ընկերության առաջարկին և արդյո՞ք դա է «Երևանի քաղաքապետարան – բիզնես» համագործակցության սովորաբար կիրառվող մոդելը: Առհասարակ՝ ո՞րն է հիմնավորումը, որ Երևանի քաղաքապետարանը նախընտրել է կառուցապատման ծրագիրն ու ընկերությանն ընտրել ոչ թե մրցույթ կազմակերպելու միջոցով, այլ նախապատվություն է տվել մեկ ընկերության: Ինչպե՞ս և որքանո՞վ է Երևանի քաղաքապետարանը ջանք ներդրել գնահատելու կառուցապատող ընկերության պատմությունը, փորձառությունը, այլ բիզնեսների հետ կամ քաղաքական փոխկապակցվածությունները:
3. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ՝ գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն են՝ ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից...» Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն «Գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝ ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը. զ) … քաղաքաշինական …ծրագրերի իրականացման ապահովումը…» Օրենքի կարգավորումների համաձայն՝ օտարվող գույքի դիմաց փոխհատուցումը տրվում է ձեռքբերողի կողմից:
Ի՞նչ հիմնավորմամբ է գերակա հանրային շահ համարվում թենիսի կորտերի վերացումը՝ այն դեպքում, երբ դրանք հենց ծառայում են սպորտի և առողջության խթանման նպատակին, և տասնյակ տարիներ շարունակ հանդիսանում են Երևանի պատմության ու համալսարանական մշակութային միջավայրի մի մասը: Ինչպե՞ս է հիմնավորվում առաջարկվող քաղաքաշինական ծրագրի կարևորության գերակայումը նկարագրվածի նկատմամբ:
4. Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «Համապատասխան մարզպետը և համայնքի ղեկավարը պարտավոր են մարզպետարանի և համայնքի պաշտոնական կայքերում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հանրային քննարկումներով, ինչպես նաև հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերով նախատեսվող քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով և հնարավորության դեպքում հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությունը»:
Արդյո՞ք «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի կենսագործունեության միջավայրի փոփոխության հետ կապված իրականացվել է հանրային ծանուցում, ե՞րբ և որտե՞ղ, կամ կազմակերպվել են հանրային քննարկումներ կամ անկախ փորձաքննություններ, ե՞րբ, ի՞նչ ձևաչափով և ովքե՞ր են մասնակցել այդ քննարկումերին, ինչպիսի՞ դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել:
5. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը քաղաքաշինության բնագավառում Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության հետևյալ տեսակների համար նախատեսում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և փորձաքննություն: Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն ՇՄԱԳ-ի շրջանակում պահանջվում է այլընտրանքային նախագծի/լուծումների ներկայացում, իսկ 29-րդ հոդվածի համաձայն՝ երեք փուլով հանրային ծանուցում և լսումների կազմակերպում:
Որքա՞ն է Օղակաձև այգու չորրորդ հատվածի բարեկարգման ենթակա տարածքի մակերեսը: Արդյո՞ք կառուցապատման խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է նախնական փորձաքննության:
ԹԻՀԿ-ը քաղաքապետարանից խնդրել է նաև տրամադրել տեղեկատվություն 2018 թվականի հոկտեմբեր ամսից ցայսօր ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին կատարված նվիրաբերությունների վերաբերյալ։
Մեկ այլ դիմում է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ՝ քննարկելու 2024 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը Երևանի Օղակաձև զբոսայգու վերակառուցմանն անհամաձայնություն արտահայտող մամուլին ու առանձին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց նա կոչել էր «պսևդոմասնագետներ», իսկ լրագրողներին՝ «դեղին մամուլի» ներկայացուցիչներ, որոնք «նշված գործարքը անվանել են կոռուպցիա, ․․․ և բոլոր այն մարդիկ, որոնք ճանճերի նման հավաքվել են այս թեմայի շուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու համար, նրանց չի հաջողելու»։
ԹԻՀԿ-ն ակնկալում է ԿԿՀ-ի դիրքորոշումը և գնահատականը նկարագրված դեպքի առնչությամբ, ինչը չափազանց կարևոր է՝ կանխարգելելու քաղաքացիներին նվաստացնելու կամ այլ կերպ արժանապատվությունը վիրավորելու արատավոր և վտանգավոր նախադեպի ձևավորումը, ինչպես նաև հետագա նորմալացումը և տարածումը: