Դատարանը մերժել է ընդերքի տեսչական մարմնի բողոքը. ԹԻՀԿ-ը և ՍիվիլՆեթը հաղթել են դատը
Վճռաբեկ դատարանը մերժել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որ վերաբերում էր ՍիվիլՆեթի և ԹԻՀԿ-ի հետ միասին գերատեսչությունից տեղեկություն ստանալու պահանջին։ Սա նշանակում է, որ պահանջվող տեղեկությունները տեսչական մարմնի կողմից ենթակա են տրամադրման։
ԹԻՀԿ-ը Սիվիլնեթի հետ համատեղ 2021-ին դիմել էր տեսչական մարմնին՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը տեսչության կողմից Հայաստանի մետաղական հանքավայրերում իրականացված ստուգումների արդյունքում կազմված ստուգումների ակտերի պատճեները, ինչպես նաև իրականաված ստուգումների արդյունքում ձեռնարկված քայլերի վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝
- կիրառված պատասխանատվության միջոցների
- ստուգվող սուբյեկտներին տրված հանձնարարականների
- ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների առգրավման
- հարկադրանքի միջոցների կիրառման
- վարչական իրավախախտումների քննության արդյունքներով կայացված որոշումների
- տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների
- ընկերությունների գործողությունների կասեցման, դադարեցման կամ արգելման վերաբերյալ։
Տեսչական մարմինը երկու անգամ հրաժարվել էր տրամադրել այդ տվյալները։ Այդ ակտերում են ամփոփված ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, դրանց բնույթը, համապատասխանությունը ընդերքի օգտագործման պայմանագրերին և այլն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նախկինում հրապարակում կամ լրատվամիջոցներին տրամադրում էր ստուգման ակտերը, հրաժարվում էր դա կատարել՝ խորհուրդ տալով ստուգումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց հրապարակած հաշվետվություններում։ 2022-ին վարչական դատարանը բավարարել էր ԹԻՀԿ-ի Սիվիլնեթի հայցը, պարտավորեցրել տեսչական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկել էր վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը նույնպես մերժել էր տեսչական մարմնի հայցը։ Դրանից հետո նրանք դիմել էին Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար։ Տեսչական մարմինը նաև դատարանին ներկայացրել էր, որ իրավունքի զարգացման խնդիր կա ՀՀ-ում ստուգումների անցկացման մասին օրենքի և տեղեկատվության ազատության մասին օրենքի միջև։
Այնուհանդերձ, Թիվ ՎԴ/9313/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանը մերժել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայցը վարույթ ընդունել։ Սա նշանակում է, որ 2018-21 թվականներին մետաղական հանքերում իրականացրած ստուգումների արդյունքների մասին տեղեկությունները ենթակա են տրամադրման ԹԻՀԿ-ին և Սիվիլնեթին։
ՍիվիլՆեթի և ԹԻՀԿ-ի շահերը վարչական դատարանում ներկայացնում էր Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը՝ հանձինս Գենյա Պետրոսյանի, Էլինա Գյուրջյանի և Դավիթ Գյուրջյանի։
Սկզբնաղբյուրը՝ Սիվիլնեթ։