ԹԻՀԿ ՔՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանում քաղաքացիական տարածքին նվիրված՝ հիբրիդային ձևաչափով համաժողովին։ Այն կազմակերպվել էր Թբիլիսիում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոն» հիմնադրամի (ECNL) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» կողմից: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդրովիչը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրենը և ECNL-ի՝ «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի ղեկավարը։

Պանելային քննարկումներից մեկի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի հետ կապված ձեռքբերումներով և մարտահրավերներով: Մասնավորապես, Տաթևիկը ներկայացրեց ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ջանքերը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրը բարելավելու ուղղությամբ, այդ թվում՝ որոշումների ընդունմանը ՔՀԿ-ների մասնակցության և ֆինանսական կայունության ոլորտների վերաբերյալ կառավարության հետ երկխոսության միջոցով։ Տաթևիկը պատմեց նաև 2023 թվականին ընդունված «Կամավորական աշխատանքի մասին» օրենքի և ՔՀԿ-ների ջատագովության արդյունքում օրենքում նպաստավոր դրույթների ներառման մասին, նշեց, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակում ՔՀԿ-ների ակտիվ աշխատանքի շնորհիվ նրանց դերը ավելի է կարևորվում պետության կողմից։ Ի պատասխան այն հարցին, թե որոնք են ՔՀԿ-ների ջատագովության հաջողության հիմնասյուները, Տաթևիկը նշեց քաղաքական կամքը, ՔՀԿ-ների հետևողականությունն ու համախմբվածությունը և միջազգային աջակցությունը՝ որպես առանցքային կարևորություն ունեցող բաղադրիչներ։

Միջոցառման հաջորդ հատվածը նվիրված էր Վրաստանում քաղաքացիական հասարակության տարածքի վերլուծությանը, առկա հիմնախնդիրների և բարելավման ուղղությունների քննարկմանը։ Համաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց երկրների փորձով և քաղած դասերով։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» հիմնադրամի (ECNL) և Արևելյան գործընկերության երկրների գործընկերներ կազմակերպությունների կողմից։