Օգոստոսի 21-ին, Երևանում տեղի ունեցավ «Երևանի քաղաքապետարանի թափանցիկության և հաշվետվողականության գնահատում» ուսումնասիրության զեկույցի նախագծի քննարկումը։ Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում։

Հետազոտության մեթոդաբանությունը մշակվել է՝ հիմք ընդունելով մի շարք երկրներում Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային շարժման ներկայացուցիչ- կազմակերպությունների փորձը: Երևան քաղաքի համար ընտրվել է 14 ոլորտ, որոնց գնահատման ցուցանիշները նախապես քննարկվել են Երևանի քաղաքապետարանի պատասխանատու մասնագետների հետ: Այս հենքի վրա հավաքագրվել են տվյալները և գնահատվել է ընտրված ոլորտներում գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Տաճատ Ստեփանյանը և Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։ Սոնա Այվազյանը անդրադարձավ հետազոտության արդիականությանը՝ կարևորելով քաղաքապետարանի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու գործունեությունը։ Այնուհետև, ծրագրի համակարգող Նվարդ Մանասյանը և ծրագրի հետազոտող Տիգրան Մուղնեցյանը ներկայացրին հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալները, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց ներկա համապատասխան ոլորտաին ներկայացուցիչների հետ։ Հնչած առաջարկներն ու դիտարկումները կներառվեն զեկույցում։

Հետազոտությունն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում: