Քննարկում Վարդենիսում ապաստարանների խնդրի վերաբերյալ
ԹԻՀԿ-ը, «Որտեղ է իմ ապաստարանը» արշավի շրջանակներում, Վարդենիսում նախաձեռնել էր համայնքում բնակչության պատսպարման և քաղաքացիական պաշտպանության համատեքստում հանրային մասնակցության վերաբերյալ միջոցառում։
Մինչ քննարկման կազմակերպումը ԹԻՀԿ-ն առցանց իրազեկման արշավ էր սկսել ամեն անգամ անդրադառնալով արտակարգ իրավիճակներում կազմակերպվածության և ապաստարանների հետ կապված տարբեր խնդիրներին։
Քննարկման ժամանակ Մարտունու կանանց համայնքային խորհրդի ծրագրի համակարգող Մերի Սարգսյանը ներկայացրեց հանրային մասնակցության հիմնական խնդիրներն ու հնարավորությունները հիմնվելով Գեղարքունիքի մարզում բնակչության պատսպարման/քաղաքացիական պաշտպանության փորձի վրա։ Նա նշեց, որ շատ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը և այս համագործակցությունը փոխշահավետ է բոլորի համար։ Նա նաև կարևորեց երիտասարդների դերը տեղեկատվության տարածման և իրազեկելու գործառույթը հրաշալի իրականացնելու համար։
Վարդենիսի համայնքապետարանից հայտնեցին, որ համայնքն ունի բազմաթիվ ապաստարաններ, խնդիրը, մասնավորապես, վերջիններիս կահավորման և վերանորոգման մեջ է։ Այժմ համայնքային բյուջեն չի բավարարում այս խնդիրների ամբողջական լուծման համար։
Համայնքապետարանի աշխատակից Եղիշե Զարոյանի խոսքով կարևոր է երիտասարդների հետ համատեղ աշխատելը, սա կխորացնի ՏԻՄ և համայնքի ակտիվ երիտասարդություն կապը։
Երիտասարդները ևս ոգևորված են նման նախաձեռնությունից, այս ամիսների ընթացքում նրանք տեղեկատվական արշավ են իրականացրել համայնքում՝ զրուցելով բնակչության հետ, հարցումներ իրականացնելով և տրամադրելով տեղեկատվություն անհրաժեշտ քայլերի մասին։ Նրանք արշավը տեղափոխում են նաև առցանց տիրույթ՝ էլ ավելի մարդկանց հասնելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Թրանսփարեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Մարտունու կանանց համայնքային կենտրոնի և Վարդենիսի ակտիվ երիտասարդության ներգրավման ջանքերով։
Առաջարկում ենք դիտել քննարկման վերաբերյալ ՍիվիլՆեթի անդրադարձը։