Երևանում կայացավ կեղտոտ փողերի շրջանառման թեմայով դասընթաց
Մարտի 23-24-ին Երևանում տեղի ունեցավ դասընթաց կեղտոտ փողերի շրջանառման վերաբերյալ։ Դասընթացը կազմակերպվել էր ԹԻՀԿ-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլի աջակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն, ով ողջունեց մասնակիցներին և կարևորեց այս միջոցառման անցկացումը Հայաստանում, քանի որ ՔՀԿ ոլորտի համար այսպիսի սեմինար կազմակերպվել է առաջին անգամ։
Սեմինարի ներածական հատվածում խոսվեց ապօրինի ֆինանսական հոսքերի բնույթի, ծավալների և ազդեցության վերաբերյալ, ներկայացվեցին փողերի լվացման տիպերը և խթանողները։
Այնուհետև առցանց զեկույցով մասնակիցներին միացավ Անդրազգային հանցավորության հարցերով փորձագետ Ռոբ ՄքՔասկերը ներկայացնելով կեղտոտ փողերի գեներացումը, հոսքերը և սխեմաները։ Անդրադարձ կատարվեց նաև փողերի լվացման դեմ պայքարի օրենքներին և միջազգային ստանդարտներին։
Հաջորդիվ սեմինարին միացավ ԹԻ քարտուղարության հետազոտող Մայրա Մարտինին խոսելով իրական շահառուների թափանցիկությունից։ Երևանում էին նաև ԹԻ Ռուսաստանի ներկայացուցիչներ Վլադիսլավ Նետյաևը, Կեղտոտ փողերի բաժնի տվյալագետ, և Լիզավետա Ցիբուլինան, Կեղտոտ փողերի բաժնի համակարգող, որոնք մանրամասն ներկայացրին, թե ինչպես բաց աղբյուրների հիման վրա վերհանել ապօրինի ֆինանասականան հոսքերը, ինչպես նաև քննարկեցին հետաքննական լրագրության կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարում։
Երկօրյա սեմինարին մասնակցում էին ոլորտում ակնառու հետազոտող լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։