Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրությունն առանց մրցույթի պատվիրել է իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսին»։

Նախարար Վահե Ղազարյանը բացատրել է, որ ոստիկանությունը պաշտոնական հարցումներ է կատարել ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնցից «ամենամատչելի առաջարկը»՝ 1.7 տոկոս, ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: ««ՍԻԼ ինշուրանսը» 2.5 մլն դրամ ավելի պակաս գնային առաջարկ է ներկայացրել, քան մյուս ընկերությունները», -ներկայացրել է Վահե Ղազարյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, տարօրինակ է համարում նման մեթոդով գնում կատարելը:

«Հարց է առաջանում. ինչո՞ւ այդ ամենը չանել բաց մրցույթի եղանակով: Թող բաց մրցույթ լիներ, բոլորը տեսնեին, որ «ՍԻԼ»-ը իսկապես ամենացածր առաջարկն է արել, չէ՞ որ հայտնի չէ՝ ինչ առաջարկներ են արել մյուս ընկերությունները, և, ի վերջո, ովքեր են եղել մյուս ընկերությունները»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հոկտանյանը:

Հարցին՝ արդյոք հիմնավո՞ր է տարվա ընթացքում հարյուրավոր միլիոնի հասնող դրամներով ապահովագրական ծառայություն կնքող պետական մարմնի բացատրությունը, թե ցածր գնային առաջարկի համար են նախապատվություն տվել տվյալ ընկերությանը, Հոկտանյանը բացասական պատասխան է տալիս.

«Իհարկե ոչ: Նախ՝ բնական է, որ ցածր գնային առաջարկին է տրվում նախապատվություն, և հանրահայտ փաստ է, որ Հայաստանում շարունակվում է պրակտիկան, թե պետական գնումներում միայն գինն է որոշիչը, բայց չէ՞ որ սովորաբար ցածր գինը որոշվում է մրցույթի ընթացքում և ոչ թե մեկ անձից գնման դեպքում: Ամեն պարագայում կասկած է առաջացնում նման մեթոդով գնման գործընթացը: Ինձ համար նման բացատրությունները համոզիչ չեն»:

Նրա խոսքով՝ միայն մեկ դեպքում կարելի է առաջարկվող ծառայության գնին ուշադրություն չդարձնել, երբ ծառայության որակը անհամեմատ բարձր է: Սակայն ապահովագրական ծառայության դեպքում, նրա համոզմամբ, դժվար է պատկերացնել մատուցվող ծառայությունների տարբերություն կամ որակ:

«Խնդիրն այս դեպքում բաց ու հրապարակային գործելաոճն է, թող բացահայտեին՝ որ ընկերությունն ի՛նչ է առաջարկել, իսկ դրա համար լավագույն ձևը բաց մրցույթն է»,-ընդգծում է Հոկտանյանը:

Սկզբնաղբյուր՝ MediaLab