Ս.թ. ապրիլի 1-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանի հյուրն էին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Կանադայից ժամանած մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ, որ որպես կամավորներ 2-ից 6 ամիս ընդգրկված են Դեպի Հայք կազմակերպության տարբեր ոլորտների աշխատանքներում: Ինտերակտիվ ֆորումում արծարծվել է քաղաքական իրավիճակը Հայաստանում` հատուկ ուշադրություն բևեռելով կոռուպցիայի, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների ու ազատությունների վրա: Այն հնարավորություն ընձեռեց կամավորներին ներկայացնել իրենց ընկալումները Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ և ավելի լավ հասկանալ քաղաքական գործընթացները:

Դեպի Հայք-ի տեսլականն է ստեղծել կազմակերպություններից և անհատներից բաղկացած հզոր ու բազմատարր մի համակարգ, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար մատչելի դարձնել հայրենիքին ծառայելու և փորձ ձեռք բերելու կարևոր ճանապարհը: Նրա առաքելությունն է ամրապնդել կապերը հայրենիքի և երիտասարդ սփյուռքահայերի միջև` հնարավորություն տալով, որ նրանք մասնակցեն Հայաստանի առօրյա կյանքին և նպաստեն դրա զարգացմանը աշխատանքի, ուսման և կամավորական փորձի միջոցով: