Ս. թ. մարտի 27-ին Էկոլոգիական հասարակական դաշինքի Սևանի պաշտպանության նախաձեռնող խումբը բնապահպանների, երիտասարդ ակտիվիստների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ու այլ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ մեկտեղ դուրս էր եկել բողոքի ցույցի, որը մեկնարկել է նախագահի նստավայրի մոտից և շարունակվել դեպի ՀՀ ԳԱԱ, ԱԺ և կառավարություն: Ցույցն ուղղված էր ընդդեմ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի և Սոտքի ոսկու հանքի շահագործման սեփականատեր ԳեոՊրոՄայնինգ ՍՊԸ-ի նախաձեռնած անօրինական գործողությանը, որը նախատեսում է առաջիկայում Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել` վտանգելով Սևանա լճի գոյությանը:

Պաստառներով, կանաչ շապիկներով և էկո մարտիկի գլխարկներով զինված բնապահպանները դիմել են պետական կառույցներին վերանայելու ընկերության հետ կնքած պայմանագրերը և անվավեր ճանաչելու տրամադրած արտոնագրերը: Ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման արդյունքում կառաջանա 100 միլիոն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար` թունավորված ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ մետաղներով ու տարրերով, մկնդեղով, անտիմոնով, պիրիտով և այլն:

Ըստ ԹԻԱԿ նախագահ Ամալյա Կոստանյանի` բնապահպանական ոլորտում առկա խայտառակ իրավիճակը կոռուպցիայի արդյունք է, իսկ ԹԻԱԿ խորհրդի անդամ Սոնա Այվազյանի կարծիքով որոշումները կայացվում են ոչ թափանցիկ կերպով, առանց իրավական հիմքի: