Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ մարտի 25-ը Գյումրիում հայտարարվել է «խոսքի ազատության օր»: Մեկ տարի առաջ այդ օրը ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը (ՉԱՓ ՍՊԸ-ն) հնարավորություն ունեցավ վճարել 25 միլիոն դրամ «պարտքը»` կեղծ ու չապացուցված հիմքերով հարկային մարմինների պահանջած տուգանային գումարը, որ առանց վկաների լսելու և ապացույցների ուսումնասիրման` հաստատել էր դատարանը:

ԳԱԼԱ-ն դարձել էր հարկային ստուգումների, տուգանքների, դատական գործընթացների ու հետապնդումների թիրախ 2007 թ. հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահին եթերաժամ տրամադրելուց հետո: Մարտի 19-ից 25-ը տևած համազգային դրամահավաքին մասնակից մոտ մեկ տասնյակ հազար հայաստանցիների և սփյուռքահայերի ջանքերով հնարավոր դարձավ հեռուստաընկերության չեթերազրկումը: Հանգանակությունը հնարավորություն ընձեռեց պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, ազատ և անկախ հեռուստաընկերությունն ու հեռուստադիտողների արտահայտման ու տեղեկատվության ազատությունը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես գալով այդ օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, նշել է.«Ցավոք սրտի մեր իշխանությունները դրական հետևություններ չեն անում: Դա ստիպում է իրենց նոր տեխնոլոգիաներ մշակել ճնշելու խոսքի ազատությունը` օգտագործելով օրենսդրական, վարչական ռեսուրսները, ուժը, վախը և բոլոր լծակները, որ ունի իշխանությունը»: