«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (YES) դպրոցական բանավեճի ակումբի ծրագրի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. մարտի 18-ին հանդիպել է Գորիսի դպրոցականների հետ: Ինտերակտիվ քննարկման ընթացքում արծարծվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` պետություն-քաղաքացի հարաբերությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, երկրի կառավարման գործում մասնակցության հնարավորությունները, քաղաքական կոռուպցիան, ընտրական գործընթացները և այլն:

YES դպրոցական բանավեճի ակումբ ծրագիրն իրականացվում է 2004-ից հայկական «Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ի և հայ-ամերիկյան «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից` Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության նյութական և տեխնիկական աջակցությամբ:

Բանավեճը կարևորագույն դեր է խաղում բաց/թափանցիկ
երկխոսություն վարելու, վերլուծական մտածելակերպ ձևավորելու և լսելու ունակություն զարգացնելու գործում: Բանավեճի կառուցվածքային բնույթը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձևավորելու և զարգացնելու այնպիսի ունակություններ, ինչպիսին են ազատ արտահայտվելու սկզբունքը, տարբեր կարծիքների նկատմամբ հարգանքը և այլաբնույթ մտածողության նկատմամբ հանդուրժողականությունը: