Բաց հասարակության ինստիտուտի մարդու իրավունքների և կառավարման ցանցային ծրագրի աջակցությամբ` Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Մամուլի ակումբ» հաղորդաշարը ս.թ. մարտի 14-ին արծարծել է «Ժողովրդավարական բարեփոխումների հնարավորությունը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեման «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում: Հաղորդաշարը վարող ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի հյուրերն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և լրագրող Արա Գալոյանը:

Ճգնաժամը դիտարկելով որպես Հայաստանի քաղաքական համակարգի առջև ծառացած փորձություն` բանախոսներն անդրադարձել են տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հնարավորություններին ու մարտահրավերներին` հասարակության բևեռացման, տնտեսության մոնոպոլացման, ժողովրդի վստահության և աջակցության բացակայության պայմաններում: Ի թիվս այլ հարցերի, բանավեճի մասնակիցները քննարկել են, թե արդյոք հնարավոր է համախմբվել, լծակներ ստեղծել ազգային մակարդակով որոշում կայացման գործընթացի վրա ազդելու համար, միջազգային մակարդակում վերականգնել վստահությունը: