Ս.թ. նոյեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի վերաբերյալ քննարկումը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի վերաբերյալ ճանապարհային քարտեզը մշակվել է՝ հիմնվելով «ՔՀԿ չափիչ Հայաստան 2021» հետազոտության զեկույցի առաջարկների, ինչպես նաև պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա, որոնք տեղ են գտել վերոնշյալ զեկույցի ներկայացման միջոցառման ընթացքում և հետագայում։ Փաստաթուղթը ներառում է այն խնդիրներն ու առաջարկվող լուծումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության միջավայրի չորս հիմնական ուղղություններին՝ ՔՀԿ գրանցում և գործունեություն, ֆինանսական կայունություն, մասնակցություն քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, պետության կողմից պաշտպանություն։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավման ճանապարհային քարտեզի նպատակը և հիմնական բաղադրիչները, հետադարձ կապ ստանալ մասնակիցներից՝ այդ փաստաթղթի անհրաժեշտության և կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել փաստաթղթի ընդունման և իրականացման հնարավոր մեխանիզմները։ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) և ԹԻՀԿ-ի փորձագետները ներկայացրեցին ճանապարհային քարտեզի նախագծում մատնանշված հիմնական խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձն ու հաջողված օրինակները: Մասնակիցներն իրենց կարծիքները հայտնեցին քննարկված հարցերի վերաբերյալ՝ կիսելով քաղաքացիական հասարակության միջավայրի հետ կապված իրենց մտահոգությունները և քննարկելով առկա խնդիրների հնարավոր պատճառները։ Ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՔՀԿ-ների ներկայացուցիչները հիմնականում համաձայնեցին, որ նախագծում ներկայացված խնդիրները արտացոլում են ոլորտում առկա արդիական խնդիրները, ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները լուծում պահանջող այլ խնդիրների վերաբերյալ: Արդարադատության նախարարության, վարչապետի աշխատակազմի և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակել քննարկումները առաջարկվող գործողությունների շուրջ և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Միջոցառումը կազմակերպվել է «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ադրբեջանում «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում՝ «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (UCIPR) կողմից: Միջոցառմանը աջակցել է նաև «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամը՝ INSPIRES ծրագրի միջոցով, որն իրականացվում է Ինտերնյուզի և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից։ Այն հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։