2008-ին մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի` փետրվարի 25-ին հրապարակած զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում նշված է, որ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները և նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես` կապված նախագահական ընտրությունների և դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ: Բացի այդ կոռուպցիան համատարած էր բոլոր մակարդակներում ու բոլոր ոլորտներում, իսկ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված կառավարության ծրագրերը հիմնականում գործող չեն եղել:

Հասարակությունը հազվադեպ է բողոքում այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են սովորական կաշառքների վճարումը և կարծես թե հաշտվել է կոռուպցիայի լայնածավալ լինելու մտքի հետ: Պաշտոնեական կոռուպցիայի համար օրենքով սահմանված են քրեական պատժամիջոցներ. այնուհանդերձ, կառավարությունն օրենքներն արդյունավետորեն չի կիրառում և պաշտոնյանները հաճախ անպատժելիորեն ներգրավվում են կոռումպացված գործողությունների մեջ:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով 2008-ի առաջին 11 ամսվա ընթացքում հետաքննվել է կոռուպցիոն հանցագործությունների 173 գործ, որոնցից 57-ը 75 անձի, ներառյալ 57 պետական պաշտոնյայի նկատմամբ ուղարկվել է դատարան: Հատուկ քննչական ծառայությունը կոռուպցիայի գործերով մեղադրանք է ներկայացրել 34 պետական պաշտոնյայի, որոնց մեծ մասն աշխատել են ոստիկանության ուժերում կամ Արդարադատության նախարարությունում որպես բաժնի վարիչներ կամ ցածրաստիճան պաշտոնյաներ: