«Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008թ. վիճելի նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը» վերնագրով 64 էջանոց զեկույց, որտեղ մանրամասնում է 2008թ. փետրվարին կայացած ՀՀ նախագահի ընտրությունից հետո Երևանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Զեկույցում նաև փաստվում է բռնությունների առնչությամբ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքը, մարտի 1-ին և դրանից հետո անհամաչափ ուժի կիրառման, համապարփակ հետաքննության և հաշվետվողականության պակասը:

Զեկույցը պատրաստված է Հայաստանում 2008 և 2009 թթ. հետազոտական երեք առաքելության ընթացքում իրականացրած ավելի քան 80 հարցազրույցի հիման վրա: «Երևանում գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական պատկերը դեռ ի հայտ կգա, - ասել է «Հյումն Ռայթս Ուոթչ»-ի հետազոտող և զեկույցի հեղինակ Գիորգի Գոգիան: «Մի բան պարզ է. մարտի 1-ին օրվա տարբեր ժամանակահատվածներում անվտանգության ուժերը ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ են կիրառել»:

«Հյումն Ռայթս Ուոթչ»-ը հորդորում է կառավարությանը հետաքննել մարտի 1-ի ընդհարումներում ոստիկանության ուժի կիրառումը`շեշտելով, որ այդ օրվա յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է առանձին գնահատվի: Այնտեղ, որտեղ ապացույցներ կան, որ ուժի կիրառումը դուրս է եկել օրինականության շրջանակներից, բոլոր օրինախախտները (այդ թվում և նրանք, ովքեր հրամաններ են արձակել) պետք է հետապնդվեն դատական կարգով: «Հյումն Ռայթս Ուոթչ»-ը պնդում է նաև, որ անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ` հանգեցնելով նաև բոլոր պատասխանատուների հայտնաբերմանն ու հետապնդմանը:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ` այցելելով «Հայաստան. 2008թ. բախումների կողմնակալ հետապնդում» վերնագրված մամուլի հաղորդագրությանը «Հյումն Ռայթս Ուոթչ»-ի վեբ կայքում` http://www.hrw.org/sites/default/files/related_material/PR%20Armenia%20report%2025Feb09%20armenian.pdf