Ավարտվեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» 2021-2022 թթ․ դասընթացը
Հուլիսի 4-ին ԹԻՀԿ-ն ամփոփեց 2021-2022 թթ․ «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը՝ շրջանավարտներին ավարտական վկայականների շնորհմամբ։ Դասընթացն իրականացվում էր ԹԻՀԿ-ի և Պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ։
Ութամսյա դասընթացի ընթացքում անցկացվել են «Կոռուպցիայի ներածություն», «Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ», «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ», «Կոռուպցիային առնչվող իրավակարգավորումներ», «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ», «Կոռուպցիան տնտեսական գործունեության մեջ» մոդուլները` ներառելով բազում դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր, որոնք միտված էին ունկնդիրներին տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Վկայականների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ, շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը՝ հաջողություն և բեղմանվոր աշխատանք մաղթելով շրջանավարտներին և վերջիններիս շնորհելով ավարտական վկայականները։
Նշենք, որ 2021-2022 թթ․ «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը հաջողությամբ ավարտել է 15 մասնակից։ «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագրով նախատեսված առանձին դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները 12-ն են։ Նրանց շնորհվել է համապատասխան մոդուլը ավարտելու վերաբերյալ հավաստագիր։