Քաղաքացիական հասարակության` ԵՀՔ 2008թ. իրականացման վերլուծության ներկայացում
«Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2008թ. «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության տեսակետը» հրատարակության համահեղինակներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն ու գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին մասնակցել են գրքի շնորհանդեսին: Ամալյա Կոստանյանը քննության է առել «Ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումներն ու խաբեության և կոռուպցիայի դեմ պայքարը» ոլորտը, որի կիզակետում ԵՀՔ շրջանակներում իրականացվող կամ պլանավորված միջոցառումներն են:
Սոնա Այվազյանը հանդես է եկել «Խթանել հետագա տնտեսական զարգացումը, ավելացնել ջանքերն աղքատության նվազեցման և սոցիալական ներդաշնակեցման հարցերում, այդպիսով ներդրում կատարելով կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանությանը» ոլորտի շուրջ: Սույն վերլուծության մեջ ընդգրկված են նաև դատաիրավական, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, տնտեսական բարեփոխումների և լրատվամիջոցների ոլորտները: Գրքի հրապարակումը հնարավոր է դարձել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի օժանդակության շնորհիվ: