Ս.թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Լոռու մարզի Շահերի պաշտպանության և աջակցման (ՇՊԱԿ) հակակոռուպցիոն կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը գործում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոններ Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ծրագրի շրջանակներում Կասալս էնդ Ասոշիեյթս Ինք. ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ-ի հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի օժանդակությամբ:

Կենտրոնը կոռուպցիայից տուժած քաղաքացիներին կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն, կիրականացնի խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Քաղաքացիներին օգնություն կտրամադրվի 0 800 01 112 թեժ հեռախոսագծի միջոցով:

Իր խոսքում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը կարևորեց հակակոռուպցիոն կենտրոնի բացման անհրաժեշտությունը Լոռու մարզում: Հասարակական, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փորձառու կազմակերպությունները հսկայական դեր են կատարում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր գործընկեր է ընտրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, ակնկալելով, որ ծրագրի ավարտին կազմակերպությունը կարող է շարունակել հակակոռուպցիոն գործունեությունը: