Ս.թ. նոյեմբերի 23-ից 28-ը քաղաքացիական հասարակության հայաստանյան ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այցելել են Բրյուսել: Այցը կազմակերպել էր Բաց հասարակության ինստիտուտը: Պատվիրակության անդամները քննության են առել Հայաստանի` Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր Եվրոպական հանձնաժողովի համապատասխան հատվածների մասնագետների հետ` փորձագիտական վերլուծության ենթարկելով մարդու իրավունքների և ազատությունների, լրատվամիջոցների, ընտրությունների, կոռուպցիայի հետ կապված հարցերի և այլ ոլորտներ:

Նրանք այլընտրանքային զեկույց են ներկայացրել 2008թ. ԵՀՔ գործողությունների պլանի իրականացման վերաբերյալ, ներկայացնելով առաջարկություններ ԵՀՔ և Արևելյան գործընկերության նոր ծրագրի այն խնդիրների շուրջ, որոնց վրա անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել, մատնանշելով ԵՀՔ և դրա իրականացման մոնիտորինգի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ներկա իրավիճակի վրա: Հանդիպումներին մասնակցում էին նաև Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` համապատասխանաբար ներկայացնելով ԵՀՔ իրականացման գործընթացն իրենց երկրներում:

Ամալյա Կոստանյանը նաև հանդես է եկել Հայաստանի արդի իրավիճակի վերաբերյալ բանախոսությամբ «Դեպի արևելաեվրոպական գործընկերությո՞ւն: Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության քննադատական տեսակետը ԵՀՔ բարեփոխման վերաբերյալ» կլոր սեղանի ընթացքում: