Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ս. թ. նոյեմբերի 19-ից 20-ը Երևանում կայացած սեմինարի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում Օրհուսի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների տեսակետները: Այն «Շրջակա միջավայրի կառավարումը և քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ընթացող` Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի և ՀՀ բնապահպանության նախարարության կազմակերպած միջոցառումների շարքի թվով երրորդ սեմինարն էր, որի նպատակն էր քննության առնել շրջակա միջավայրի վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացումը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը որոշումների կայացման գործընթացում:

Սեմինարի մասնակիցներն անդրադարձել են շրջակա միջավայրին առնչվող մարտահրավերներին, այլ երկրների փորձին և Հայաստանում միջազգային կազմակերպությունների օգնությանը Օրհուսի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև պետական մարմինների, բիզնեսի և ՀԿ հատվածի միջև հնարավոր համագործակցությանը:

Նորվեգիայի Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտը անկախ հիմնադրամ է, որ զբաղվում է շրջակա միջավայրի, էներգետիկայի և ռեսուրսների կառավարման վերաբերյալ միջազգային քաղաքականության հետազոտությամբ: