Լրագրողների նկատմամբ բռնարարքների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ս. թ. նոյեմբերի 19-ին ցույցի էին դուրս եկել յոթ տասնյակից ավելի քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում` լրագրողական, իրավապաշտպան, բնապահպանական, երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և լրագրողներ` մտահոգ ժողովրդավարության, ազատ մամուլի ու իրավական պետության արդի վիճակով: Ցույցը, որ կազմակերպել էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ու գործընկեր կազմակերպությունները, բազմիցս ընդհատվել է ոստիկանական ուժերի կողմից, որոնք արդարացնում էին իրենց գործողությունները Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի սխալ մեկնաբանության պատճառով, ի վերջո թույլ են տվել ցուցարարներին շարունակել խաղաղ ակցիան:

Ակցիան սկսվել է ՀՀ Գլխավոր դատախազության մոտից: Այնուհետև ցուցարարներն ընթացել են քաղաքի կենտրոնով` Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտով, Աբովյան փողոցով, Հյուսիսային և Մարշալ Բաղրամյան պողոտաներով դեպի Նախագահի նստավայր: Ակցիայի մասնակիցները կրում էին «Բոլորս Էդիկ Բաղդասարյան ենք», «Պաշպանեք լրագրողներին», «Ո՞վ է հաջորդը», «Մեզ պետք չէ՞ անկախ մամուլ», «Ո՞վ է մեր երկրում անվտանգության երաշխավորը», «Մի' խեղդեք խոսքի ազատությունը», «Պահանջում ենք հանցագործության բացահայտում» և այլ կարգախոսներով պաստառներ: