Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը ընտրությունների մոնիտորինգի և ընտրական բարեփոխումների հարցերին խորամուխ ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած հայաստանյան պատվիրակության կազմում ս.թ. նոյեմբերի 16-ից 22-ը այցելել է Վարշավա` Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտ: Կրթության զարգացման ակադեմիայի և Այ էֆ Ի էս-ի կազմակերպած ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ օրենսդրության բարեփոխման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և տեղեկատվություն են ձեռք բերել` ելնելով Լեհաստանի փորձի կիրառումից:

Միջոցառումը հանգամանալի տեղեկություն է ապահովել կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված հետևյալ հիմնախնդիրների` քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և ընտրական քարոզչության հարցում կոռուպցիան կանխելուն և սանձելուն ուղղված կանոնների և մեխանիզմների, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ինստիտուցիոնալ և կարգավորող համակարգերին առնչվող փորձի, քաղաքական կուսակցությունների և ընտրական քարոզչության համար նախատեսված հանրային ֆինանսները վերահսկող ինստիտուտների վերաբերյալ: Վերադառնալուն պես մասնակիցները ձեռնամուխ են լինելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված հանձնարարականների մշակմանը:

Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտը անկախ, ոչ կառավարական հիմնադրամ է, որ 1998-ին հիմնադրվել է Վարշավայում` Լեհաստանում և նախկին արևելյան դաշինքի երկրներում ժողովրդավարական հաստատություններին աջակցելու նպատակով: