Ս.թ. նոյեմբերի 13-ին Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ցույց էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Թեղուտի անտառների: Ցուցարարների պահանջը նույնն էր` անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի 1278-Ն ու 1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում իրականացվող աշխատանքները` մասնավորապես լայնածավալ անտառահատումները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից:

Թեղուտի պաշտպանության խմբի ակցիաները շարունակվելու են, որովհետև օր-օրի նոր հանքավայրեր են գործարկվում, և երկրի էկոլոգիական վիճակը դառնում է աղետալի: