Ս. թ. նոյեմբերի 5-ից 7-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Հանրային շահերի պաշտպանությանը նվիրված երկրորդ եվրոպական ֆորումին, որի նշանակալի մաս էին կազմում հանրային շահերի պաշտպանությանն ու մարդու իրավունքներին նվիրված լիագումար նիստը և իրավաբանների ու ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող մի շարք ինտերակտիվ սեմինարները: Միջոցառմանը ներկա էին ավելի քան հարյուր իրավաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և գիտնականներ:

Արծարծվել են հանրային շահերի պաշտպանությանը նվիրված օրենքի վերաբերյալ Եվրոպայում առկա միտումները, այդ թվում` թե ինչպես են համաշխարհային ու տեղական իրավաբանական ֆիրմաներն իրենց պրակտիկայում ինստիտուցիոնալացնում հանրային շահերի պաշտպանությունը, ինչպես նաև իրավաբանների և լրատվամիջոցների աճող դերը հանրային շահերի պաշտպանությանը նպաստելու գործում: Ֆորումի ընթացքում քննության են առնվել նաև Եվրոպայում գործող հանրային շահերը պաշտպանող հաջողակ տեղեկատվական կենտրոնների օրինակը և իրավաբանների ու իրավաբանական ֆիրմաների արժեքավոր դերը ՀԿ-ների աշխատանքին աջակցելու գործում: