1983թ. միջազգային հակակոռուպցիոն հիմնադիր կոնֆերանսի (ՄՀԿԿ) գումարումից ի վեր, երկու տարին մեկ տեղի ունեցող կոնֆերանսների շարքը հակակոռուպցիոն պայքարի բոլոր նվիրյալների համար վեր է ածվել նշանակալի միջազգային համաժողովի: 13-րդ ՄՀԿԿ-ն անդրադարձել է թափանցիկության և հաշվետվողականության դերին անվտանգությանը, կլիմայի փոփոխությանը, կայուն համաշխարհայնացմանը և բնական ռեսուրսների շահագործմանն ու կառավարմանն առնչվող խնդիրներում` «Գլոբալ թափանցիկություն. պայքար կոռուպցիայի դեմ հանուն կայուն ապագայի» նշանաբանով:

13-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը կայացել է Աթենքում ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը: Կոնֆերանսի շրջանակներում անցկացվող «Մեր ձայները լսելի դարձնենք. պայքար կոռուպցիայի դեմ քաղաքացիական ակցիաների միջոցով» թեմայով ինտերակտիվ հանդիպման ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, իսկ «Համաշխարհային չափանիշները քաղաքական ֆինանսավորման մեջ. թափանցիկություն և հաշվետվողականություն» թեմայով սեմինարին` փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը:

Ինտերակտիվ սեմինարը ներկայացրել է քաղաքացիական հնարավորությունների մեծացման և գործողության հիմնական հայեցակարգերը, հանգամանորեն կանգ է առել հակակոռուպցիոն պայքարի ջատագովների կողմից իրենց համաքաղաքացիների մոբիլիզացման վրա` կիրառելով կոռուպցիայի վերահսկողության նպատակով ոչ բռնի ռազմավարություն և մարտավարություն, այդ թվում չհամագործակցելը, քաղաքացիական անհնազանդությունը, բողոքները, թվային տեխնոլոգիաների միջոցով հաղորդակցությունը և համագործակցված զանգվածային գործողությունները: Քաղաքական ֆինանսավորման վերաբերյալ սեմինարն անդրադարձել է մի քանի հիմնական կանոնների քաղաքական ֆինանսավորման և գոյություն ունեցող չափանիշների վերաբերյալ և հաստատել է համաշխարհային չափանիշների համար ընդունելի լավագույն փորձը:

Կոնֆերանսին ներկա 135 երկրներից ժամանած ավելի քան 1300 պատվիրակները կարևորել են թափանցիկության և հաշվետվողականության էական դերը արդի ֆինանսական ճգնաժամը մեղմելու և ապագա ձախողումները կանխելու գործում:
Կոնֆերանսի ընթացքում կոչ է արվել կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ֆինանսական, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կառավարումն ուժեղացնելուն ուղղված գլխավոր գործոն:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերենով` այցելելով 13-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանս